Հայտնի են Եվրոպայի առաջնության մասնակից բոլոր՝ 24 հավաքականները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են Եվրոպայի առաջնության մասնակից բոլոր՝ 24 հավաքականները




Նոյեմբերի 12-ի գիշերը տեղի ունեցան 2021թ.-ին կայանալիք ֆուտբոլի Եվոպայի 2020թ.-ի առաջնության անցումային փուլի եզրափակիչ հանդիպումները:

Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլում Հայաստանի հավաքականի երկու մրցակիցները՝ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, Եվրո-2020-ի ուղեգիրը վիճարկեցին Թբիլիսիում: Վճռորոշ եղավ երկրորդ կեսի սկզբում հյուրերի խփած միակ գնդակը: Մակեդոնական ֆուտբոլի լեգենդ 37-ամյա Գորան Պանդևի խփած մակ գնդակը հաղթանակ պարգևեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Դրամատիկ վերջաբան ունեցավ Հունգարիա-Իսլանդիա հանդիպումը: Հյուրերը 11-րդ րոպեին Գալֆի Սիգուրդսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ և հաղթական հաշիվը պահում էին մինչև խաղի 88-րդ րոպեն, երբ ընդամենը 4 րոպե առաջ փոխարինման մտած Լոիկ Նեգոն կարողացավ հավասարեցնել հաշիվը: 4 րոպե անց էլ՝ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին, Դոմինիկ Ժոբոժլաին դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց Հունգարիայի հավաքականին: Մարկո Ռոսսիի գլխավորած ընտրանին երկրորդ անգամ անընդմեջ հնարավորություն է ստանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Ոչ պակաս դրամատիկ էր Սերբիայի և Շոտլանդիայի հավաքականների մրցավեճը: Խաղի հիմնական ժամանակի 52-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը, աչքի ընկավ Ռայան Կրիստին: Սերբերը կարողացան հավասարեցնել հաշիվը միայն հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի խփած գոլի շնորհիվ, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ 30 րոպեներին նոր գոլեր չեղան: Կողմերը հաղթողին պարզելու համար ստիպված եղան հետխաղյա 11 մետրանոցներ իրացնել: Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին շոտլանդացիները. վճռական եղավ սերբերի առաջատարներից մեկի՝ Ալեկսանդար Միտրովիչի վրիպումը: Շոտլանդիայի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ 24-ամյա դադարից հետո:

Լարված պայքարում անցավ նաև անցումային վերջին՝ Հյուսիսային Իռլանդիա-Սլովակիա հանդիպումը, որի ընթացքը շատ նման էր Սերբիա-Շոտլանդիա խաղի ընթացքին, պարզապես այս խաղում հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Խաղի հիմնական ժամանակի 17-րդ րոպեին Յուրայ Կուցկան հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին: Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, Միլան Շկրինյարը դարձավ ինքնագոլի հեղինակ, և հաշիվը հավասարեցվեց: Լրացուցիչ ժամանակի 20-րդ րոպեին Միխալ Դուրիսի խփած գնդակը Սլովակիայի հավաքականին Եվրո-2020-ի ուղեգիր պարգևեց: Սլովակիայի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ է իրավունք ստանում հանդես գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, ընդ որում՝ երկրորդ անգամ անընդմեջ:

Այսպիսով՝ հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի 2020թ.-ի առաջնության մասնակից բոլոր՝ 24 թիմերը, որոնք արդեն բաժանվել են 6 խմբի. A խումբ (Թուրքիա, Իտալիա, Ուելս, Շվեյցարիա), B խումբ (Դանիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան), C խումբ (Հոլանդիա, Ուկրաինա, Ավստրիա, Հյուսիսային Մակեդոնիա), D խումբ (Անգլիա, Խորվաթիա, Շոտլանդիա, Չեխիա), E խումբ (Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Սլովակիա), F խումբ (Հունգարիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա):

Եվրոպայի 2020թ.-ի առաջնությունը պետք է տեղի ունենար 2020թ.-ի հունի-հուլիս ամիսներին եվրոպական 8 տարբեր քաղաքներում, սակայն, CՕVID-19-ով պայմանավորված, առաջնությունը տեղափոխվեց 2021թ., իսկ անցկացվող քաղաքների վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Քննարկվում են քաղաքների կրճատման, ընդհուպ՝ մինչև առաջնությունը մեկ երկրում անցկացնելու տարբերակը: