Ես նման մտադրություն չունեմ. Ռուստամ Բաքոյանը՝ մանդատը վայր դնելու հնարավորության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ես նման մտադրություն չունեմ. Ռուստամ Բաքոյանը՝ մանդատը վայր դնելու հնարավորության մասին




Մամուլից եմ տեղեկացել Վարթան Աթաբեկյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին լուրը, քանի որ ոչ մի գործընթացից տեղյակ չեմ, որեւէ գնահատական տալն անարդարացի կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Վարդան Աթաբեկյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշումը եւ տեղյակ եղե՞լ է, որ Աթաբեկյանի հայտարարությունից հետո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն եւ պատգամավոր Հայկ Սարգսյանը գնացել են Վարդան Աթաբեկյանի տուն։

«Ես երեկ առավոտյան պարոն Սիմիդյանին տեղյակ եմ պահել, որ ազգակիցս՝ եղբայրս է զոհվել, իսկ հորեղբորս տղան էլ անհայտ կորել է, եւ այդ հարցերով պետք է զբաղվեմ։ Եթե խմբակցության նիստ կլիներ, կամ խմբակցությունում այլ պրոցես կլիներ՝ ես կարող եմ տեղյակ չլինել, որովհետեւ զբաղված էի այդ հարցերով»,- նշեց նա։

Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է մանդատը վայր դնելու մասին որոշում կայացնի, հաշվի առնելով այն, որ կան քաղաքացիներ, որոնք պահանջում են իշխող ուժի հրաժարականը, պատգամավորն արձագանքեց․

«Վստահ ասում եմ՝ սովորական մարդիկ իմ մանդատը վայր դնելը չեն պահանջում, չկա էդպիսի բան։ Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր կան, որոնք կոնկրետ նպատակ են հետապնդում եւ փորձում են ինչ-որ իրավիճակ ստեղծել։ Ես նման մտադրություն չունեմ, ինչի՞ համար, կասե՞ք, որեւէ բանից կառչած չեմ, բայց ինչի՞ համար»։

Անդրադառնալով «Իմ քայլի» օրերս արված հայտարարությանը, եւ հարցին, թե բովանդակությանն ամբողջովին տեղյակ եղե՞լ է, պարոն Բաքոյանը փոխանցեց, որ համամիտ է հայտարարության հետ, եւ դրա տակ իր ստորագրությունն է թողել։

Դիտարկմանը, թե համամի՞տ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած հայտարարությանը, Ռուստամ Բաքոյանն ասաց․

«Ես երկրի վարչապետի քաղաքական որոշումը կիսում եմ, եւ այդ պատասխանատվությունը կրում եմ։

Հարցին, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ քայլին գնալը, ինչո՞վ կհիմնավորի դա, իշխող ուժի պատգամավորը եզրափակեց․

«Պարոն Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն առավելագույնն է, որ հնարավոր է եղել փրկել, եւ այն՝ ինչ պարոն Փաշինյանն արդեն մեկնաբանել է, ՊՆ գլխավոր շտաբի ղեկավարն է հայտարարել, Արցախի նախագահն է հայտարարել, կարծում եմ բոլորիդ պարզ է»։