Վահրամ Բաղդասարյան, Սայաթ Շիրինյան, Գրիգոր Գրիգորյան. ԱԱԾ-ն շարունակում է ձերբակալություններն ու խուզարկությունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վահրամ Բաղդասարյան, Սայաթ Շիրինյան, Գրիգոր Գրիգորյան. ԱԱԾ-ն շարունակում է ձերբակալություններն ու խուզարկությունները




Այսօր մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում Ազգային անվտանգության կողմից նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տներ խուզարկությունների, զենք-զինամթերքի առգրավման և ձերբակալությունների մասին:

Վերջին տվյալներով՝ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս կինը՝ Լուսինե Հովսեփյանը:

Տիկին Հովսեփյանը նաև ասաց, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ են տարել երեխայի համակարգիչն, ինչպես նաև որսորդական հրացանը, որը եղել է առանց փամփուշտների:

«Առավոտյան նախաճաշում էինք, երբ զանգը տվեցին ու մուտք գործեցին մեր բնակարան: Ասացին, որ պետք է խուզարկեն տունը: Ամուսինս պահանջեց, որ ասեն, թե ինչի համար են ուզում խուզարկել, ասացին՝ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ինչ-որ ձայնագրություններ: Ավտոտնակը, տունը և նկուղն ամբողջությամբ խուզարկեցին»,-ասաց Շիրինյանի կինը:

News.am-ը իր հերթին հայտնել է ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը խուզարկելու եւ նրան ԱԱԾ հրավիրելու մասին: Գրիգորյանի որդին հայտնել է, որ այս պահին իր հայրն ԱԱԾ-ում է:

«Չգիտեմ, ինչ էին խուզարկում, չգտան ինչի համար, որ եկել էին, չպարզաբանեցին, թե կոնկրետ ինչի են խուզարկում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ հայրը վաղուց քաղաքականությամբ չի զբաղվում, ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքին էլ չի մասնակցել:

Լրատվականը նաև հայտնում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի՝ ԱԱԾ հրավիրվելու մասին:

Այս պահին Վահրամ Բաղդասարյանը գտնվում է ԱԱԾ-ում, դեռ հայտնի չէ, թե ինչի համար է նա հրավիրվել ԱԱԾ:

Հիշեցնեմ, որ ArmDaily.am-ի տեղեկություններով էլ ԱԱԾ աշխատակիցներն այսօր խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի տունը:

Մեզ հայտնի դարձավ, որ նրանք առգրավել են օրինական զենքերը, պետական բարձր պաշտոնյայի սպանության փորձի կասկածանքով հարուցված գործի շրջանակներում:

Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Ալեքսան Հարությունյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Մեր տեղեկություններով՝ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել և փորձել են զենք գտնել, բայց չգտնելով փնտրածը Հարությունյանին հրավիրել են զրույցի:

Ավելի վաղ հայտնել էինք նաև Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի, «Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ձերբակալությունների մասին:

ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ բերման ենթարկեցին «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին: