Լրահոս

1996-ին էլ էր խորհրդարանը թիրախավորվել. Hraparak.am



Hraparak.am-ը գրում է․ 

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Ստեղծված իրավիճակից վրդովմունքն ու դժգոհությունը մեզանում ոչ այնքան գործադիր իշխանության դեմ են ուղղվում, որքան օրենսդիրի։ Եւ դրա պատճառը ոչ թե այն է, որ մենք խորհրդարանական երկիր ենք, կամ օրենսդիրի հանդեպ հատուկ հարգանք կա, այլ դա որոշակիորեն ուղղորդվում է իշխանության մյուս ճյուղից՝ կառավարությունից։ Այդպես ավելի հեշտ է՝ երբ հայհոյանքներն ու անեծքները բաժին են ընկնում պատգամավորներին, իսկ դափնիները՝ կառավարությանը, եթե իհարկե ինչ որ բան արվում է երկրում։ Փաստ է, որ հիմա իշխանություններին հայհոյող յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում մի շերեփ ուղղել դեպի 88 հոգին՝ «Իմ քայլը» խմբակցությունը, չհասկանալով, որ իշխանական գործող հիերարխիայի պայմաններում այդ 88-ի մեղքի ու պատասխանատվության բաժինը չնչին է։

Ավելին՝ այդ 88 հոգին շատ հաճախ ավելի քիչ ինֆորմացիա ունեն եւ ավելի քիչ են մասնակցում իշխանությունների գործողություններին, քան մենք՝ շարքային քաղաքացիներս։ Նրանք, որպես կանոն, շանթարգելի դեր են խաղում՝ վարչապետին ու կառավարության անդամներին պաշտպանելով իրենց մարմնով։ Եւ այս իրավիճակը նոր չէ։

90-ականներին քաղաքականությամբ հետաքրքրվողները հիշում են, թե ինչպես 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո, կեղծված ընտրություններից դժգոհ զանգվածն ուղղվեց դեպի Ազգային Ժողով, որտեղ տեղակայված էր ԿԸՀ-ն եւ ինչպես գազազած ամբոխը ներխուժելով շենք՝ հարձակվեց ԱԺ նախագահ Բաբկեն Արարաքցյանի ու փոխնախագահ Արա Սահակյանի վրա։ Նրանց արյունոտ ու ծեծված դեմքերը շատերն են հիշում։ Բայց 96-ի նախագահական ընտրությունների, դրանց կեղծման եւ առհասարակ՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեջ նրանք բոլորովին էլ առաջին պատասխանատունեը չէին։ Այն ժամանակ էլ կասկածներ կային, որ գործադիրից հրահրվեց այդ ծեծը եւ ԱԺ-ն հատուկ թիրախ դարձրեցին՝ հեռացնելով կառավարությունից դժգոհության ալիքը։

2020 թվականին էլ, թվում է, Արարատ Միրզոյանը չէր պարտության եւ կնքված կապիտուլացիայի գլխավոր պատասխանատուն, սակայն նա դարձավ գազազած ամբոխի միակ զոհը եւ միայն պատահականությամբ չզոհվեց՝ ծանր վնասվածքներ ստացավ։ Ավելի ուշ լուրեր հասան մեզ, որ այդ ծեծի ժամանակ նրա թիկնապահները եւ վարորդը փորձել են օգնություն ստանալ Պետական պահպանության ծառայությունից, սակայն չեն ստացել՝ պետը տեղում չի եղել, ոչ ոք չի արձագանքել նրանց խնդրանքներին։ Եւ այժմ ծառայողական քննություն է գնում՝ օգնությունը ուշացնելու հետ կապված, որպեսզի պարզեն պատասխանատուներին։

Եւ այս պատմության մեջ կրկին նշմարվում է երկրում ստեղծված իրավիճակի մեղքը, պատասխանատվությունը գործադիրից օրենսդիրի վրա տեղափոխելու միտումը։

Այսօր ժամը 16-ին ընդդիմությունը որոշել է ակցիա անել խորհրդարանի մոտ եւ կրկին ակնհայտ է, որ Ազգային ժողովն է թիրախավորվելու։ Անշուշտ՝ վարչապետին անվստահություն հայտնելու առումով այսօր ամենամեծ պատասխանատվությունը դրված է ԱԺ-ի եւ իշխող մեծամասնության վրա, բայց եթե կրկնվեն 96-ի դեպքերը, հասկանալի կդառնա, որ մեզանում արդեն ավանդույթ է դառնում այն, որ սխալ կառավարման համար գլխավոր պատասխանատուն՝ կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից, իսկ ավելի նվազ պատասխանատվություն ունեցող մարմինը՝ ԱԺ-ն թիրախավորվում է եւ պատժվում։