Լրահոս

Վազգեն Մանուկյանը պետք է զերծ մնա իր հրապարակային խոսքում բռնության հետ ասոցացվող բառեր կամ ձևակերպումներ օգտագործելուց․ ՄԻՊ. hraparak.am




Ընդդիմության վարչապետի թեկնածուի կողմից իր հրապարակային խոսքում բռնության հետ ասոցացվող բառերի կամ ձևակերպումների օգտագործումն անընդունելի է: Այս մասին Պաշտպանի աշխատակազմից փոխանցեցին hraparak.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը՝ անդրադառնալով մեր հարցմանը, թե Պաշտպանն ինչպես է վերաբերում Վազգեն Մանուկյանի հայտարարությանն այն մասին, որ եթե շարժումը չհաղթի, գազազած ժողովուրդը կհոշոտի Փաշինյանին։

«Հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում բռնության հետ ասոցացվող բառեր կամ արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, այդ առումով պահանջներն ավելի բարձր են:

Ֆորմուլան հստակ է. գործող պաշտոնյայի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի պահանջները խիստ են, քանի որ այդ անձինք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սպառիչ սահմաններով: Բայց դա չի նշանակում, թե որևէ պահանջից դուրս են ոչ պաշտոնյա հանրային գործիչները: Երկրում համերաշխության համընդհանուր մթոնոլորտի երաշխավորման հրամայականը հատկապես հանրային ճանաչում ունեցող անձանցից է պահանջում դրսևորել օրինակելի խոսք ու պահվածք»։