Լրահոս

«Չեմ զարդարել տունս. ներսս տատասկ է ու փուշ, դրսից զարդարելով չեմ խաբի… չլսեք, գիշերը չլսեք դավի ու մատնության ձայնը». Նազենի Հովհաննիսյան




Հաղորդավարեւհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով իր ապրումների մասին եւ նշելով, որ լռելու է մինչեւ Սուրբ ծնունդ։

«Իմաստազուրկ եմ: Այս տարին դավաճանորեն խլեց մեզնից ամեն ինչ: Խլեց իմ ապրած 40 տարիներն ու իմ հրկիրը: Խլեց իմ որդիներին, եղբայրներին, հայրերին, խլեց հույսը: Խոցեց, վիրավորեց, սպանեց: Անջատեց: Պառակտեց: Ոչնչացրեց հոգեպես ու արմատով: Ջնջեց պատմությունը: Անարմատ ենք... Խոցոտված:

Ի՞նչ նոր տարի.... Ձեւապաշտությունը մեզ կերավ։ Հայրենասիրությունից մինչեւ հավատք՝ ձեւի մեջ էլ կործանվեցինք. քարացանք:

Այս գիշեր աղոթել ու միայն աղոթել, ներումն հայցելով՝ գնալու եմ Սուրբ Զորավոր եկեղեցի, գիշերն այնտեղ դիմավորենք, որ Աստված մեզ ների անգործությունը, ձեւապաշտությունը, չարակամությունը, որ մի լույս բացվի, որ արժանի դառնանք Սուրբ ծնունդին, որ վերջապես մի բան հասկանանք:

Չեմ զարդարել տունս. ներսս տատասկ է ու փուշ, դրսից զարդարելով չեմ խաբի: Անապատ եմ: Ցավի փոթորիկները վերջնական քայքայեցին: Հիմա՝ լուռ անապատ: Չլսեք, գիշերը չլսեք դավի ու մատնության ձայնը: Չմիացնեք տուփը: Խելագարվեցինք իսպառ...»,- գրել է նա՝ նշելով, որ այս տարի ամոթի խարանի ու անդառնալի կորստի տարի կմնա պատմության մեջ, եթե մենք մնանք պատմության մեջ։



Դերասանուհին նշել է՝ այսուհետ ձեռքը տալու է միայն գիտակից հային, պայքարող ու հասկացող մարդուն, հայրենատեր ու իսկական հային, եզդուն, ռուսին, մալականին, ուկրաինացուն՝ հայաստանցուն, որն իրականում գիտի իր երկրի սահմանն ու հայրենիքի իսկական սահմանումը, ոը սխալվելուց հետո չի վախենում խոստովանել եւ կարեւորը շտկել սխալը, որը չի վախենում հայրենիք ունենալուց:

«Հավերժ փառք մեր հերոս նահատակներին, հավերժ փառք ապրող հերոսներին, աղոթքներս վիրավորներին, խունկ և աղոթք անհայտ կորած մեր որդիներին, գերիներին, աուրբ մասունք դարձած մեր հերոսներին։ Երախտագիտությունս ու խոնարհումս նրանց ընտանիքներին եւ համբերություն, համբերություն»,- գրել է նա։