Նորայր Եղյանի կերպարային փոփոխությունը նոր սերիալում և պատերազմում անձնական պատմությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նորայր Եղյանի կերպարային փոփոխությունը նոր սերիալում և պատերազմում անձնական պատմությունը




Tert.am Life-ը գրում է.

Ելենա Արշակյանի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի մասին Ձեզ պատմել ենք:

 Հեռուստասերիալում զբաղվածություն ունի նաև դերասան Նորայր Եղյանը, ով մարմնավորում է Արցախի պատերազմի հերոսի որդու, նրա կերպարի հորը մարմնավորում է դերասան Կարեն Մկրտչյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Նորայրը պատմել է նախագծում նկարահանվելու, իր դերի, ապրումների և ոճափոխության մասին:

Նորայրն ասաց, որ շնորհակալ է ռեժիսոր Ելենա Արշակյանին, սցենարիստ Անահիտ Մխիթարյանին և իրենց ստեղծագործական ամբողջ անձնակազմին, որոնց հետ ամենանհաղթահարելի տեսարանը հաղթահարվում է:

«Այս նախագծում ներգրավված լինելը, այսպիսի դերասանական կազմի հետ խաղալն ինձ համար մեծ պատիվ է: Նախագիծը տարբերվում է նախորդներից, որովհետև ընդամենը ամիսներ առաջ անցել ենք սերիալում արծարծվող թեմայի միջով, ինչը բարդացնում է բոլորիս աշխատանքը: Եթե նախորդ նախագծերում ծանոթանում էի կերպարիս հետ, հասկանում՝ ի՞նչ ապրելակերպ, բնավորության գծեր ունի, ստանում էի կերպարն ու ապրում դրանով, այստեղ լրիվ այլ է, խաղընկերներս անձնական պատմություններ ունեն: Ես մարմնավորում եմ հերոսի որդու՝ Վռամին, խաղում եմ Կարեն Մկրտչյանի հետ, ում որդին զոհվել է Արցախի պատերազմում, սերիալում նա իմ հերոս հայրն է: Եթե Կարենն իր մեջ ուժ է գտել ու շարունակում է աշխատել, ստեղծագործել, մենք խոսելու տեղ չունենք»,- նշեց նա:



Թեև թեման հայկական իրականության համար նուրբ է, Նորայրը հույս հայտնեց, որ հեռուստադիտողը լարվածություն չի զգա: «Հեռուստասերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանն այնքան ճիշտ է գրել ամեն ինչ, նաև ռեժիսոր Քաջայր Հակոբյանի շնորհիվ նկարահանման հրապարակում ստանում ես քո ներքին հարցերի պատասխանները, պատրաստի վիճակում նկարահանվում համապատասխան տեսարանում: Ինձ թվում է՝ հեռուստադիտողը լարվածություն ու ցավ չպետք է զգա, որովհետև մենք ցույց ենք տալիս ոչ թե բուն պատմությունը, այլ հետևանքները, հերոսներից հետո կիսատ մնացած պատմությունները: Հեռուստասերիալում բոլոր կերպարների գերնպատակը երջանիկ լինելն է, նրանք ուզում են ստանալ իրենց հարցերի պատասխանները, որի շնորհիվ էլ պետք է գտնեն իրենց երջանկությունը»,- ասաց դերասանը:



Նորայրը հատուկ հեռուստասերիալի համար մազերի հետ կապված ոճափոխություն է արել: «Չեմ սիրում, երբ արտաքնապես, խոսակցականով կամ զգացողություններով կերպարս նման է լինում նախորդին: Նման չլինելու համար առաջին հերթին պետք է հասկանաս, թե ո՞վ է կերպարդ, ի՞նչ նախապատմություն ունի և ի՞նչ պատմություն կունենա առաջիկայում։ Բնականաբար, արտաքին այնպիսի փոփոխություն է պետք, որ նույնիսկ անճանաչելի դառնաս, սա մտնում է դերասանի աշխատանքային պարտականությունների մեջ: «Սիրուն Սոնա»-ից հետո Մելիքի կերպարն այնքան ճանաչելի էր դարձել, որ ինձ համար շատ ավելի բարդ էր արտաքին փոփոխություններ անելը: Առաջարկը եղավ Ելենա Արշակյանի կողմից, ես էլ կտրուկ փոփոխություն առաջարկեցի, որպեսզի նոր կերպարս տարբերվի Մելիքի կերպարից»,- պատմեց Նորայրը:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում