Լրահոս

«Ընթրիք հիմարի հետ». Պրեմիերա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



 Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին ներկայացրեց նոր, հրաշալի ներկայացում՝ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:Բեմադրությունն ու նկարչական ձևավորումը Սարգիս Մանուկյանինն է, երաժշտական ձևավորումը՝ Արեն Օսիպյանինը։ 

Բեմադրող ռեժիսորի խոսքով՝ կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես անտիդեպրեսանտ, ակնկալիքով, որ հանդիսատեսը մի փոքր թեթևանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կունենա: 

Ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունը անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների ու հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր լուծումներով արտացոլված են նաև այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները: 

Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծահարուստ երիտասարդների մի խումբ կազմակերպում է հանդիպում «‎հիմարի» հետ: Եվ ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ: Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ: Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում... Ֆրանսուա Պինյոնին (հիմարին) մարմնավորում է թատրոնի երիտասարդ դերասան Հակոբ Դեմիրճյանը, հրատարակիչ Պիեռ Բրոշանի կերպարը կերտել է Ժիրայր Գաբրիելյանը: Ներկայացման մեջ ներգրավված են նաև Համլետ Գյուլզադյանը՝ Արշամբոյի, Վահրամ Խառատյանը՝ Լուսիեն Շովալի, Արման Սաքանյանը՝ Ժուստ Լյոբլանի, Մարիամ Ղևոնդյանը՝ Կրիստինա Բրոշանի, Տաթև Պետրոսյանը՝ Մառլենի դերում: