Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել




Վալերի Ղազարյանը երեք պատերազմ է անցել, տուն կորցրել ու մայրիկի շիրիմը թողել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում։ Սակայն նա շարունակում է ապրել ու ստեղծագործել։

Պատերազմի օրերին կոլեգաներիցս մեկն առաջարկեց մի «մարգարեական» երգ լսել։ Երբ միացրեց՝ հասկացա, որ արցախցի ռեփեր Լյոկայի (Վալերի Ղազարյան) «Տուն տարեք»–ն էր։ Երգն արցախյան առաջին պատերազմի ու կորցրած տան ցավի մասին է։ Պատերազմից հետո հաճախ եմ լսում այն ու վերջերս նկատեցի, որ յութուբյան դիտումները եռապատկվել են` հասել միլիոնուկեսի։

«Ես այն գրել էի մինչև այս պատերազմը կորցրած տանս մասին։ Չէի ուզում երգը շատ հայտնի դառնա, որովհետև չէի ցանանում, որ ինձ հասկացող լինի։ Ցավոք, պատերազմից հետո շատ մարդ զգաց ու հասկացավ ինձ։ Դա շատ տխուր է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նա։

Լյոկան ու իր ընտանիքը երեք անգամ են տուն կորցրել։ Առաջին անգամ 90-ականների արցախյան պատերազմի ժամանակ։ Նա ընդամենը 1,8 տարեկան էր ու աղոտ է հիշում տունը։ Երկրորդ անգամ՝ երբ որոշեցին Մարտակերտից Նոր Մարաղա տեղափոխվել։ Եվ վերջինը՝ այս պատերազմում։ Վերջին տան հանդեպ հատուկ վերաբերմունք ունի, որովհետև այն զրոյից են կառուցել, ու ամեն քարի հետ կապված հիշողություն կա։

Նոյեմբերի 15-ն էր։ Լյոկան Խծաբերդի դիրքերում էր, երբ հայտնեցին, որ մինչև ժամը 23-ը1 պետք է հասնի գյուղ ու ազատի տունը։ Երբ հասավ Նոր Մարաղա, արդեն երեկո էր ու չգիտեր ինչ հավաքեր։ Հուսահատությունից զանգեց իրեն տեղեկացողներին ու ներողություն խնդրեց, որ չի հասցնի տունը հավաքել ու նախաճաշ պատրաստել «հյուրերի» համար։


– Ի՞նչ վերցրեցիք։

– Մեր հին լուսանկարները, եղբորս երեխաների դասագրքերը ու ամեն ինչից հինգ–հինգ` գդալ, պատառաքաղ և այլն։ Ու հիշողություններս։ Նստած նայում էի ու հիշում, թե ոնց ենք սարքել, ինչ ապրումներ ու նպատակներ ունեցել։

Լյոկան խոստովանում է, որ առաջին արցախյան պատերազմից էլ լավ հիշողություներ չունի։ Մասնավորապես հիշում է ծառից կախված ու մեջտեղից կիսված մարդու։ Այդ սարսափազդու տեսարանը չի կարողանում մոռանալ, բայց այս պատերազմն առանձնակի ցավոտ է, քանի որ ընկեր է կորցրել ու թշնամու մոտ թողել ամենաթանկ մարդու շիրիմը։

«Բան էի խոստացել, բայց չկարողացա իրականացնել»,- նշում է նա ու լռում։



Վերջին արտահայտությունը նրա մտքով անցավ սեպտեմբերի 27-ին, երբ արթնացավ փամփուշտների ձայնից։ Դուրս նայեց ու հասկացավ, որ մի բան այն չի` այնքան շատ զինտեխնիկա էր տեղաշարժվում ու այնքան մոտ, որ կարծեց, թե Call of Duty խաղում է հայտնվել։

Առաջին 15 օրը նա ընտանիքներ էր տեղափոխում Հադրութից, Մարտակերտից, Մարտունուց և այլ վայրերից։ Թիմ ու մեխանիզմ էր ձևավորվել։ Մեկ անգամ Հադրութից դուրս բերեց մի կնոջ, ու հետագայում իմացավ, որ ընկերոջ մայրիկն է: Երբ հասկացավ, որ այլևս շատ են մարդիկ, որ օգնում են տարհանել մարդկանց, գնաց դիրքեր՝ ընկերոջ մոտ։ Պատերազմից հետո ծանր էր, բայց ժպտում էին տարբեր մարդկանցից ստացված նամակների շնորհիվ. շնորհակալություն էին հայտնում իրենց տարհանելու ու փրկելու համար։

Այդ ժամանակ էլ որոշեց այս պատերազմի մասին ևս պատմել, ու կրկին երգով։ Այս մեկը կոչվելու է «Ես դեռ կամ», հենց այս գրությամբ շապիկով էլ նա եկել էր հարցազրույցի։ Նկատում եմ ու ակամայից որոշում «Տուն տարեք»–ում հնչող հարցերով ավարտել զրույցը։

– Որտե՞ղ է տունդ։

– Չունեմ դեռ։

– Իսկ հանգի՞ստ է քունդ։

– Ոչ...

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում