Ռուսաստանը խոչընդոտել է հայ զինվորներին ազատելու գործողությունը. Ինչ դեր է կատարել Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանը խոչընդոտել է հայ զինվորներին ազատելու գործողությունը. Ինչ դեր է կատարել Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը




«Հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր տարածքի խորքում՝ 1,5-2 կմ խորությամբ՝ երկու ուղղությամբ, փորձում էին իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար։ Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որն իր դիրքով կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները։ Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության միջոցներով հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր գործողություններ իրականացնող խումբը։ Եվ նրանց հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի։ Ձեզ մոտ կարող է միանգամից հարց առաջանալ՝ ինչո՞ւ գերեվարել, ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել։ Այդ հարցին ես կարող եմ պատասխանել հետևյալը՝ որ արդեն իսկ ձեզ 16 օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի ու առանց ուժի կիրառման:

Հայկական կողմը մեկ ժամ ժամանակ է տվել ադրբեջանական կողմին՝ վերադարձնելու ՀՀ տարածքից գերեվարված 6 զինծառայողներին։ Ժամկետը լրացել է, բայց հակառակորդը չի վերադարձրել նրանց։ Մեկ ժամն անցնելուց անմիջապես հետո մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իրենք անկացնում են խորհրդակցություն և քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ես այստեղ ներկայացնել չեմ կարող», այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Գեներալից այս ծավալուն մեջբերումը Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարման վերաբերյալ պարզում է պատկերը: Գերեվարման գործողությունն իրականացվել է Ակնայի ռուս-թուրքական կենտրոնից, որի գործառույթը ոչ միայն Արցախի վերահսկողությունն է, այլեւ 200 կմ խորությամբ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի հետախուզությունը եւ վերահսկողությունը: Դա կենտրոնի այսպես ասած պատասխանատվության գոտին է, նրա խնդիրը հայկական բանակի տեղաշարժերին հետեւելն է եւ հայկական հնարավոր նախաձեռնությունների զսպումը, այդ թվում Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների ուղղությամբ:

Հաջորդ էական հանգամանքը գեներալի հստակ շարադրանքն է հայկական կողմի վերջնագրի եւ ռուսների միջամտության վերաբերյալ: Գերիներին անմիջապես վերադարձնելու հնարավորությունն այսպիսով կանխվել է ռուսական կողմի «հորդորով», նրանց տեղափոխել են այլ տեղ: Ակնհայտ է, որ Մոսկվա-Բաքու պատանդառության պրակտիկան շարունակվում է, նրանց վերադարձի հարցը մեղմ ասած ձգձգվելու է Հայաստանին նոր պայմանագրեր պարտադրելու նպատակով: Այսօր արդեն տեղեկություն եղավ, որ Սյունիքի մարզում ՀՀ կառավարությունը անհատույց հողատարածքներ է հատկացրել ՌԴ ԱԴԾ-ին (ՖՍԲ), սահմանի պաշտպանությունը կազմակերպելու համար: Հնարավոր է՝ դա կապված է «Մեղրիի միջանցքի» հետ:

Ռուսաստանը Կրեմլի մակարդակով երաշխիքներ է տվել Բաքվին, որ հայկական կողմը չի կրակելու, եւ դա ակնհայտ է դառնում ՀՀ վարչապետի եւ հայ զինվորականների հայտարարություններից: Միեւնույն ժամանակ, Մոսկվան գերիների, ներխուժումների խնդիրը պայմանավորում է եռակողմ հայտարարության անվերապահ կատարմամբ, այսպիսով հաստատելով պատանդառության ու զինված ներխուժումների իր առաջնորդությունը: Եռակողմ հայտարարության անվերապահ կատարման պահանջը վերաբերում է միայն Հայաստանին, դա է պատճառը, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը երեկ շտապեց հայտարարել, թե Ղարաբաղի խնդիրը եւ Հայաստանի սահմաններին տեղի ունեցածը կապված չեն միմյանց հետ՝ Հայաստանին փաստարկ չթողնելու նպատակով: Կապված են, այն էլ ինչպես:

Ակնհայտ է, որ այս «միջադեպերը», ինչպես բնորոշում է ռուսական կողմը, շարունակվելու են պարբերաբար, ստեղծելով բազմաթիվ խնդիրներ՝ Հայաստանի ուշադրությունը կարեւորագույն խնդիրներից շեղելու, մասնավորապես Արցախի կարգավիճակի հարցից եւ Մինսկի խմբում քննարկումներից հետ պահելու համար: Մոսկվայի ու Բաքվի հայտարարությունները ներդաշնակ են ու նույնական բովանդակությամբ:

Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը ՀԱՊԿ-ի պատասխանին սպասելուց, սադրանքներին չտրվելու ու խնդիրը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու դատարկաբանությունից ու Մոսկվայի պահանջները կատարելուց բացի: Խնդիրներն այդ ճանապարհով լուծում չունեն, ավելի ճիշտ՝ դրանք ենթարկած են Հայաստանի զիջումներին: Վաղուց ժամանակն է դուրս գալ եռակողմ հայտարարությունից եւ դիմել միջազգային լեգիտիմ ձեւաչափերին՝ կազմակերպելով երկրի պաշտպանությունը: