Լրահոս

ԱԱԾ–ն բացահայտել է պետական դավաճանության աննախադեպ դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Հայտնել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսի 4-ին ասել էր` առաջիկա օրերին նոր հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին, որտեղ ներգրավված է նաև կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը։

Այսպիսով, ԱԱԾ–ն տեղեկացնում է, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիա։

Վերջիններս այնտեղ հայտնվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ վերոհիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր:

Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր, որով էլ տվել են իրենց համաձայնությունը թշնամու կողմն անցնելու և ի վնաս ՀՀ գործելու վերաբերյալ։ Դրանից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են ծածկանուններ և գումարներ, իսկ կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները:
«Այնուհետև, հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ։ Մասնավորապես, տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների տվյալները։ Բացի այդ թշնամուն են փոխանցել նաև տվյալներ կարևորագույն օբյեկտների՝ ջրամբարների, հիդրոէլեկտրոկայանների, ստրատեգիական բարձունքների, պատսպարվելու համար նախատեսված ապաստարանների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ։

Նա մեկնել է Արցախի Հադրութի շրջան և մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը։

Արդյունքում նա հնարավորություն է տվել թշնամուն տեղորոշել սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը։

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը լուսանկարահանել և ինտերնետով հստակ տեղեկություններ է փոխանցել նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ։ Արդյունքում թշնամին ԱԹՍ-ի միջոցով ոչնչացնել է այն:

Վերոհիշյալ արարքների համար հարուցված քրեական գործով կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նրանք կալանավորվել են։

Խուզարկությունների արդյունքում մեղադրյալների բնակարաններում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են նաև զորքերի համար նախատեսված հատուկ կապի միջոցներ, բջջային հեռախոսներ, տեսաերիզներ։

ԱԱԾ–ն հիշեցնում է, որ պետական դավաճանությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին. պետական դավաճանություն կատարած անձանց սպառնում է 15-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: