Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին




Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ մեր զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, պետք է նաև ռուսական ներկայությունը հզորացնենք։

Ռուսաստանի հետ պետք է շատ լուրջ գործընթաց սկսի ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար։ Քարոզարշավի շրջանակներում Մարալիկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ հանդիպման մասնակիցներից մեկը հետարքրվեց, թե արդյո՞ք Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կընդլայնվի, քանի որ մինչ այդ խոսում էին, որ պետք է շինարարություն գնա, որտեղ նաև տեղի բնակիչները կներառվեին։
«Ռուսական ռազմաբազային չպետք է նայել շինարարության ընդլայնման տեսանկյունից, դա զուտ կողմնակի էֆեկտն է։ Առհասարակ, երկրի անվտանգությունը լրջագույն խնդիրներ ունի. մեր զինված ուժերի վերականգնման հարցերով զբաղվելուց բացի, պետք է փորձենք ռուսական ներկայությունը սարքել ժամանակակից»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` դա հնարավոր է և պետք է անել` հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես, ակնհայտ է Թուրքիայի դերակատարության հարցը, որը բավական ինքնավստահ է գործում տարածաշրջանում։

Քոչարյանը վստահեցնում է` երբ նայում ես քարտեզին, հասկանում ես, որ միակ զսպող գործոնը կարող է Ռուսաստանը դառնալ։

Սակայն, ըստ նրա, դրան զուգահեռ, պետք է մեր կշիռը մեծացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն, այսինքն` որպեսզի ոչ թե կողքից ինչ–որ բան ասող լինենք, այլ մեր խոսքն էլ ծանրակշիռ լինի։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։