Լրահոս

Ինչո՞ւ է ընդդիմությունը «փրկում» Նիկոլ Փաշինյանին




Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն 27 տեղամասերում ընտրության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել։ Բացի դրանից, տարածքային հանձնաժողովները, սեփական նախաձեռնությամբ, ևս որոշել են վերահաշվարկ իրականացնել որոշ տեղամասերում. ընդհանուր առմամբ ձայների վերահաշվարկ տեղի կունենա 70 ընտրատեղամասում:

Որպեսզի հիմքեր լինեն խոսելու ընտրության 2-րդ փուլի մասին, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի ստացած ձայները պետք է նվազեն 4 տոկոսով՝ 27 490 քվեով: Հասկանալի է, որ քիչ հավանական է ստանալ նման պատկեր, երբ վերահաշվարկ է իրականացվում 2008 տեղամասերից ընդամենը 70-ում: Մինչդեռ, եթե ընդդիմությունը վերահաշվարկի պահանջ ներկայացներ հանրապետության բոլոր ընտրատեղամասերում, կամ առնվազն դրանց կեսում, ապա ձայներ 4 տոկոսի կորուստը Փաշինյանի համար կարող էր դառնալ քաղաքական ֆիասկո: Հետևաբար հարց է առաջանում՝ ունենալով նման հնարավորություն և մեխանիզմ, զանգվածային և ՀՀ պատմության մեջ աննախադեպ ընտրակեղծիքներից ամեն անկյունում բողոքող ընդդիմադիրները ինչո՞ւ չեն գնում մի քայլի, որը կարող է ամբողջովին փոխել ընտրությունների պատկերը և զրկել Փաշինյանին սահմանադրական մեծամասնությունից՝ ի օգուտ իրենց: Ունենալով իշխանությունը Փաշինյանը ձեռքից վերցնելու ռեալ սահմանադրական հնարավորություն՝ ընդդիմությունը դիմում է մի անատամ քայլի՝ վերահաշվարկի պահանջ ներկայացնելով 27 ընտրատեղամասում` քաջ գիտակցելով, որ էական փոփոխություն այստեղ չի արձանագրվելու:

Տպավորություն է, որ ընտրությունների բողոքարկման այս ֆիկտիվ պրոցեսը ձեռնտու է երկու կողմին էլ: Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ն լուրջ կորուստներ չի ունենա և չի զրկվի սահմանադրական մեծամասնությունից, ընդդիմադիրների ձայները իրենց հերթին կարող են ավելանալ մի քանի հազարով: Արդյունքում իշխանությունները կխոսեն ժողովրդավարության, ընդդիմության ձայնը հաշվի առնելու մասին, իսկ ընդդիմադիրները մի քանի հազար քվեի ավելացումը փորձելու են «ծախել» աջակիցների վրա՝ իբրև փոքր հաղթանակ: Արդյունքում՝ գոհ են մնալու բոլորը, բացի ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներից, որոնք պահանջում էին տվյալ քաղաքական ուժերից տեր կանգնել ստացած քվեներին, մի բան, ինչը ընդդիմադիրները ակնհայտորեն չեն ցանկանում անել:


Նման ցանկության բացակայությունը իր հերթին ունի պարզ բացատրություն: Բանն այն է, որ ընդդիմությունը չի ստացել Մոսկվայի քարտ-բլանշը փողոցային պայքար սկսելու համար, որոշ տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիրներին դեռ 10 օր առաջ հասկացվել է, որ Կրեմլի աջակցությունը այս հարցում ակնկալել պետք չէ: Պատահական չէ, որ ընտրությունների ավարտից հետո ԱԺ անցած ուժերի ղեկավարները շեշտեցին, որ իրենց աջակիցներին փողոց դուրս չեն բերելու, ամենայն հավանականությամբ, մանդատներից հրաժարվելու նպատակ ևս չունեն: Նիկոլ Փաշինյանը այսօր ձեռնտու է արտաքին բոլոր խաղացողներին՝ Մոսկվայից մինչև Բրյուսել և Վաշինգտոն: Հետևաբար ընդդիմադիրներին մնում է իշխանությունների դեմ պայքարի իմիտացիա ստեղծել նման մինի-վերահաշվարկների պահանջ ներկայացնելով, կամ, օրինակ, դիմելով ՍԴ` քաջ գիտակցելով, որ առավելագույնը ինչ կարող են քաղել դրանից՝ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի օրը մի քանի շաբաթով հետաձգելն է: Ստացվում է, որ մասնացելով Փաշինյանի կազմակերպած արտահերթին՝ ընդդիմությունը լեգիտիմացրեց այդ ընտրությունները, այսօր էլ զրկված լինելով մանեվրելու հնարավորությունից՝ լեգիտիմացնում է Փաշինյանի հաղթանակը` իր գործողություններով թելելով իշխանությունների «ասեղը»: