Լրահոս

Լյովա Գեւորգյան․ Երբ տեսա գլխիկոր կանգնած ադրբեջանցուն, հասկացա, որ խնդիրը կատարել եմ




Պարգեւատրման արարողության ժամանակ, երբ գլուխս բարձրացրի ու տեսա դրոշների դասավորությունը, ապա ներքեւի հարթակում գլխիկոր կանգնած ադրբեջանցուն, հասկացա, որ իմ առջեւ դրված խնդիրը կատարել եմ ու հանգստացա: Եզրափակիչ գոտեմարտի հաղթանակս ու վերջում արված ժեստս մեր հերոսներինն էր, ժողովրդինս ու հայրենիքինս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի նորընծա չեմպիոն Լյովա Գեւորգյանը:

19-ամյա բանակայինը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 125 կգ քաշայինների երզափակիչում 11:0 հաշվով հաղթել էԱդրբեջանը ներկայացնող ըմբիշին եւ նվաճել ոսկե մեդալ:

Եզրափակիչում տպավորիչ հաղթանակից հետո ներկայումս հայոց բանակում զինծառայություն անցնող Լյովա Գեւորգյանը զինվորական ժեստ ցույց տվեց, որը բուռն արձագանք ստացավ սոցցանցերում:

Լյովա, շնորհավորում եմ երիատասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Սպասվա՞ծ էր:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Հաղթանակները հեշտությամբ չեն տրվում: Սա իմ եւ մարզիչիս այսքան տարիների քրտնաջան աշխատանքն էր: Վստահ գնացել էի ոսկու հետեւից: Նախքան գնալս գիտեի, որ հաղթելու եմ. այլընտրանք չէր կարող լինել։

Ոսկե մեդալի ճանապարհին ո՞ր հաղթանակդ առավել բարդ տրվեց: Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես քեզ համար:

Անցկացրել եմ 4 բարդ գոտեմարտ: Բոլորն էլ բարդ էին: Իհարկե, ինձ համար ամենակարեւորը Ադրբեջանը ներկայացնող ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտն էր: Չէ՞ որ դուրս էինք եկել միմյանց դեմ առանց զենքի. ամբողջ ազգս սպասում էր հաղթանակիս....

Ի՞նչ մտքերով էիր դուրս եկել գորգ այդ գոտեմարտում:

Ես մի փոքր վրեժ ունեի իմ մեջ: Ցավ կա ներսումս իմ զոհված զինվոր եղբայրների համար, որոնք ընկան մարտում: Իրենք սահմանին կռվեցին, իսկ ես՝ օտար երկրում եւ մրցակցային գորգի վրա պետք է իմ կռիվն անեի։ Պիտի հաղթեի ու ոչ մի միավոր չտայի նրան: Հենց այդ նպատակով էի գորգ բարձրացել:

Հաղթանակդ տոնեցիր զինվորական ժեստով: Ի՞նչ խորհուրդ ուներ:

Զինվորական ժեստս խորհրդանշում էր՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Կարեւոր ու վճռորոշ առաջադրանք էր դրված իմ առջեւ: Կատարեցի պատվով։ Իմ երկրի դրոշը թշնամուս դրոշից բարձր պետք է լիներ ու վերջ։

Ես զինվոր եմ ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ գորգի վրա։ Զինվորական ժեստը մեր հերոսներինն էր, ժողովրդինն ու հայրենիքինս։

Պարգեւատրման արարողության ժամանակ ի՞նչ զգացողություններ էին քեզ պատում: Որպես զինվոր որքանո՞վ ես կարեւորում այսպիսի հաղթանակները պատերազմից հետո:

Պարգեւատրման արարողության ժամանակ, մեդալս ստանալուց հետո, երբ հիմնը հնչեց Հայաստանի պատվին, գլուխս վեր բարձրացրի, դիմացս դրոշներն էին՝ դասավարված ըստ հերթականության: Հենց այդ ժամանակ հասկացա, որ իմ խնդիրը կատարված էր ու հանգստացա. ծանր բեռ ընկավ ուսերիցս: Հայրենիքիս դրոշը ամենաբարձրն էր, թշնամիս կողքիս, ներքեւի հարթակում, գլխիկոր կանգնած։