Լրահոս

«Ես փորձում եմ սեր սփռել և սեր ստանալ, կապ չունի, թե ումից»․ Լուիզա Ներսիսյան․ Tert.am Life



Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life–ը զրուցել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, որը պատմում է իր հաջողության բանաձևի, ներկայացումներում խաղալու և կյանքին դիտողի աչքերով նայելու մասին։

–Եթե ինչ–որ մեկը ձեր կյանքը ֆիլմի վերածեր, ո՞րը կլիներ ձեր դերը։

–Իրավիճակները փոխող․ մարդ, որն իրենից ինչ–որ բան կախված կլիներ։ Բայց չեմ կարող ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական կերպար կլիներ։

–Ո՞ր ֆիլմի կամ գրքի հերոսին կցանկանայիք տեսնել իրական կյանքում։

–Ինձ համար մարդը արդեն իսկ հետաքրքիր է, որովհետև յուրաքանչյուր մարդու մեջ կան և՛ թերություններ, և՛ առավելություններ։ Ամեն իրավիճակում մեկն է ավելի շատ ակտիվանում։ Եթե հերոսին տվյալ իրավիճակից, այսինքն, ֆիլմից կամ գրքից հանում ես, դառնում է հասարակ, սովորական մսից ու արյունից ինչ–որ մեկը։



–Եթե կարողանայիք տեղափոխվել ժամանակի մեջ, ո՞ր ժամանակաշրջանում կցանկանայիք ապրել։

–Բոլոր ժամանակաշրջաններն էլ ինձ հետաքրքրում են։ Կարևորը ոչ թե «որտեղ»–ն է, այլ «ինչպես»–ը։

–Հիշու՞մ եք Ձեզ առաջին անգամ հետնաբեմում։

–Ամեն անգամ ես վերապրում եմ հետնաբեմի կյանքը, դա պետք չէ հիշել։

–Ներկայացում, որում երբեք չէիք խաղա։

– Երբեք բառը շատ է վախեցնում ինձ, երբեք չեմ ասում երբեք։ Ինչ վերաբերում է ներկայացումներին՝ ինձ համար շատ կարևոր է, որ այն լինի թաքնված մեսիջով։ Շատ կարևոր է, որ ներկայացումը հանդիսատեսին ուղղորդի դեպի լույսը, ոչ թե դեպի խավարը։

–Եղե՞լ է ներկայացման մեջ դեր, որում խաղալու առաջարկից հրաժարվել եք։

–Եղել են անտրեպրիզային ներկայացումներ։ Զուտ ինձ դուր չեն եկել սցենարը ու մոտեցումը, բեմադրությունը։

–Ներկայացում, որում կցանկանայիք կրկին խաղալ։

–Ինձ համար շատ ավելի կարևոր ու հետաքրքիր է փորձաշրջանը, քան բուն ներկայացումը։ Նույն կերպ կարող է ինչ–որ պահ լինել՝ ցանկանաս վերադառնալ մանկապարտեզ, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք ուզում ենք շարունակել հաճախել մանկապարտեզ։ Դա անցած էտապ է։

– Իդեալների ունե՞ք։

–Ոչ, բայց ես սիրում եմ ինձ՝ վաղը, ու ձգտում եմ, որ այդ վաղվա «ես»–ը դրդիչ ուժ հանդիսանա ինձ համար։

–Փաստ ձեր մասին, որը կարող է անակնկալի բերել մեզ։

–Լայն հասարակությունը միգուցե չգիտի, որ ինքնահեգնանքով եմ ապրում։

–Կարո՞ղ ենք դա համարել թերարժեքություն։

–Ոչ, պարզապես իմ վերաբերմունքն է կյանքին։ Պետք է կարողանաս ոչ միայն իրավիճակի մեջ լինել, այլև կողքից նայել իրավիճակին, սառը հայացքով գնահատել այն։ Ես ոչ միայն ապրում եմ, այլև պարզապես կողքից կարողանում եմ նայել ապրածս։

–Փորձեք երեք բառով նկարագրել ձեր խաղաոճը։


–Ինչպես իմ կյանքի ոճը, այնպես էլ խաղի ոճը սիրային տրագիկոմեդիա է, որովհետև ամբողջ կյանքի ընթացքում ես փորձում եմ սեր սփռել և սեր ստանալ, կապ չունի, թե ումից։ Ես ավելի շատ էմոցիաներից եմ ոգևորվում, քան նյութից։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: