«Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ:

«Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիների բացում, տարածաշրջանային կայունություն ու տևական խաղաղության հաստատում: Ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ ու տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար ու սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին ու այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական ու արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ու Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի ու հունվարի 11–ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ:

«Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ երեսնամյա գործընթացի քաղաքականությունը, բայց մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ ու ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ Արդբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է ու փորձում է խոչընդոտել սահմանազատման ու սահամագծման աշխատանքներին:

«Իրականությունն ուղիղ հակառակն է, այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում», - ասաց Փաշինյանը:

Նա պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը:


«Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնքորոշման իրավունքի իրականացմանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի ուՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկմամբ:

 

 Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։