Լրահոս

Ստեղծագործական աշխատանքը ավելի է գրավում ինձ. Վարդան Հակոբյանը՝ աշխատանքային գործունեության և ամուսնության մասին




Պրոդյուսեր, ռեժիսոր Վարդան Հակոբյանը պատանի հասակում երազում էր դերասան դառնալու մասին, բայց կյանքի ընթացքը նրան տարավ այլ՝ ստեղծագործական ու հեռուստատեսային ճանապարհով։ Գյումրիում արվեստագետների ընտանիքում ծնված Վարդանին դերասան դառնալու մանկության երազանքի հետքերը տարել են արվեստի դպրոցի թատերական խմբակ, որտեղից էլ կատարել է իր առաջին քայլերը դեպի մեծ բեմ: Վարդանի մայրը երաժիշտ է, իսկ հայրը՝ դերասան. վաղ հասակից բեմ բարձրանալու հնարավորությունը նրա ճանապարհի սկիզբն էր թվում։

«Շատ փոքր տարիքում բարձրացա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ՝ «Սոս եւ Վարդիթեր» ներկայացման մեջ խաղալով հերոսուհու փոքր եղբոր դերը: Արվեստի դպրոցում ուսանելու վերջին տարիների ընթացքում հասկացա, որ ավելի շատ ինձ դուր է գալիս բեմադրել, քան` խաղալ: Այնուհետեւ հանձն առա մի քանի էտյուդների բեմադրությունների պատասխանատվությունը: 8-րդ դասարանն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ընդունվեցի Երեւանի մշակույթի պետական քոլեջի կինոռեժիսուրայի բաժին: Երբեք չէի մտածի, որ կինոյի հետ որեւէ կապ կունենամ, քանի որ թատրոնն ավելի խորն էի զգում: Սկսեցի խորապես ուսումնասիրել կինեմատոգրաֆիան: Այդ փուլում ինձ թվում էր, թե արդեն կողմնորոշվել եմ մասնագիտության ընտրության հարցում, սակայն ինձ համար անկանխատեսելիորեն մասնագիտական ուղղվածությունս փոխվեց, որում իր մեծագույն դերն ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը»,- նշում է Վարդանը։


Նադեժդա Սարգսյանը Վարդանի համար բացահայտել է պրոդյուսերի մասնագիտությունը, նշանակել նրան նախագծերից մեկում որպես գծային պրոդյուսեր՝ դառնալով նրա կյանքում մասնագիտական կողմնորոշմանն էականորեն նպաստած ամենակարևոր անձը: «Այդ ժամանակ սկսեցի խորապես ուսումնասիրել պրոդյուսերական գործը եւ կատարել իմ առաջին քայլերը այդ ոլորտում: Երեւանի մշակույթի պետական քոլեջն ավարտելուց հետո աշխատանքային փորձաշրջան անցա Հանրային Հեռուստաընկերության տեխնիկական բաժնում: Առաջին անգամ չէր, որ մտնում էի Հանրային Հեռուստատեսություն, քանի որ փոքր տարիքից հորս՝ Արթուր Հակոբյանի, նկարահանումների մշտական ուղեկիցն էի. այդ միջավայրն ինձ եւ՛ ծանոթ էր, եւ՛ հաճելի: Նախատեսված մեկամսյա փորձաշրջանի 12-րդ օրն արդեն ընդունվեցի աշխատանքի: Տեխնիկական աշխատանքը բավականին հետաքրքիր էր, սակայն ստեղծագործական աշխատանքը ավելի էր գրավում ինձ»,-հիշում է Վարդանը: Այսպես սկսվել է Վարդանի կարիերայի սրընթաց վերելքը Հանրային Հեռուստատեսությունում, որտեղ նա մեկ տարի տեխնիկական տնօրինությունում աշխատելուց հետո տեղափոխվել է ստեղծագործական տնօրինության ադմինիստրատիվ բաժին՝ համակարգելով սպորտի եւ շարժական հեռուստակայանի աշխատանքները, եւս մեկ տարի անց զբաղեցրել է ավագ ադմինիստրատորի հաստիքը, այնուհետեւ՝ բաժնի ղեկավարի: Ճանապարհն այսքանով չի սահմանափակվել, մեկ տարի անց նա դարձել է հեռուստաարտադրական ծառայության ղեկավար՝ իր ղեկավարության տակ առնելով ռեժիսորական, օպերատորական, մոնտաժային, լուսավորորման, հնչյունային եւ ադմինիստրատիվ բաժինները: Հանրային հեռուստաընկերության ամբողջ հեռուստակոնտենտի արտադրական գործընթացը առավելագույնս պրոֆեսիոնալ իրականացնելուց հետո Վարդանը նշանակվել է որպես գործադիր պրոդյուսեր, իսկ 24 տարեկանում արդեն զբաղեցրել Հանրային Հեռուստատեսության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: «Շատ նախագծեր եմ հասցրել իրականացնել որպես գլխավոր պրոդյուսեր, կառանձնացնեմ «Վարդապետը» բացառիկ նկարահանումներով 4 մասանոց վավերագրական ֆիլմաշարը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Նկարահանումները իրականացվել են Եվրոպայի եւ Ասիայի 9 քաղաքներում, որտեղ Վարդապետն իր կենսագրության տարբեր տարիներին ապրել է եւ ստեղծագործել: Կառանձնացնեմ նաև այն նախագիծը, որտեղ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչները կարդում էին Հովհաննես Թումանյանի քառյակները, ինչպես նաեւ «Քաղաքը» եւ «Սկիզբը» ֆիլմաշարերը: Եղել եմ նաեւ ամանորյա «Չվերթ №1» եւ «Առաջին ակումբ» ֆիլմերի համահեղինակը եւ պրոդյուսերը: Հանրայինում գիշերներ եմ անցկացրել, ձեռք բերել ահռելի փորձ, մասնագիտական բազում գիտելիքներ եւ շատ ընկերներ: Մեծ նվիրումով եմ աշխատել, անգամ եղել են դեպքեր, երբ ամբողջ գիշեր աշխատելուց հետո մեկ երկու ժամ քնել եմ եւ առավոտյան հավաքարարի աղմուկից արթնացել»,-ծիծաղով հիշում է Վարդանը:


Նրա խոսքով՝ արդեն հասունացել էր Հանրային Հեռուստատեսությունից հեռանալու պահը: «Հանրայինում խիստ զբաղվածության պատճառով անձնական կյանքի, ընկերների եւ շատ այլ մտքեր իրագործելու ժամանակը չկար, եւ այդ փոքրիկ դադարը լավագույնս օգտագործեցի՝ հիմնելով «Սքրին» ընկերությունը: Արդեն իսկ իրականացրել ենք տարբեր նախագծեր, դրանցից էր «Բոհեմ» թատրոնի հետ համատեղ արված «Հեռուստաթատրոն» նախագիծը: Նախատեսել էինք նկարել 16 ներկայացում, սակայն 15-րդ մասի նկարահանման օրը սկսվեց պատերազմը եւ այդ պահից սկսած բոլորս այլ առաքելություն ունեինք: «Հեռուստաթատրոն» նախագիծը ինձ հնարավորություն տվեց աշխատել արտիստ Նարեկ Դուրյանի հետ, ինչպես նաև առաջին անգամ աշխատանքային գործընթացում լինել հորս՝ Արթուր Հակոբյանի, հետ: Աշխատանքային գործընթացի սկզբնական շրջանում Նարեկ Դուրյանի հետ մասնագիտական տարբեր վեճեր էինք ունենում, մինչ այն պահը երբ նա սկսեցին ինձ վստահել եւ ընդունել որպես ռեժիսոր: Գարնանը աշխատանքային բուռն շրջան էր, առաջարկ ստացա նաեւ «Շարմ Հոլդինգ»-ից՝ համաձայնելով լինել «Մեր օրերի երգը» նախագծի պրոդյուսերը: Նախագծում ներկայացվել են մոտ 175 երգ 100-ից ավել արտիստների կատարմամբ եւ 60-ից ավել պարի բեմադրությամբ: «Սքրին» ընկերությունն այժմ էլ ակտիվորեն աշխատում է եւ առաջիկայում եւս կներկայացնի շատ տարբեր նախագծեր»,-ասաց նա։

Դադարի շրջանը Վարդանի համար նաեւ անձնական կյանքում փոփոխության սկիզբ է հանդիսացել, լավագույն ժամանակն է եղել երկար սպասված ամուսնական առաջարկն անելու համար.


«Քովիդի պատճառով երեք անգամ հետաձգված հարսանիքը վերջապես տեղի ունեցավ: Սիրելիիս հետ ծանոթացել ենք Հանրային Հեռուստատեսությունում: Ասում են՝ երբ հանդիպում ես ճիշտ մարդու, միանգամից զգում ես: Մեր ծանոթությունը շատ հետաքրքիր մանրամասնություններ ունի, երևի մի օր նույնիսկ ֆիլմ կնկարեմ արդեն վաղուց գրված սցենարով»: