Լրահոս

Հովհաննես Դավթյանը՝ Տոկիոյից. Ֆերդինանդն այժմ շատ վատ հոգեբանական վիճակում է




Ֆերդինանդ Կարապետյանը շատ լավ մարզավիճակում էր եւ պատրաստ հաղթանակի: Ոսկե գցումի ժամանակ մի վայրկյան պահը բաց թողեց, ինչը ճակատագրական եղավ նրա ու մեր՝ բոլորիս համար: Ցավալի է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում Տոկիոյից ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը՝ մեկնաբանելով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ) պարտությունը Տոկիո-2020-ում: Հուլիսի 26-ին նա որակավորման փուլում պարտվեց ղազախ Ժանսայ Սմագուլովին եւ լքեց պայքարը:

«Երեւի մեկնաբանելու ոչինչ չկա: Ֆերդինանդ Կարապետյանը լիարժեք պատրաստ էր ու եկել էր օլիմպիական չեմպիոնի տիտղոսի հետեւից:

Ոսկե գցումի ժամանակ պահը բաց թողեց եւ ղազախ ձյուդոիստը գցում կատարեց: Այդ մի վայրկյանը այսքան տարիների աշխատանքը ջուրը գցեց: Այնպես չէր, որ մրցակիցը ուժեղ էր, Ֆերդինանդը ուներ բոլոր հնարավորությունները հաղթանակով ավարտել գոտեմարտը:

Սա մեր մարզաձեւի նրբություններից մեկն է՝ մեկ վայրկյան թուլանում ես, պահը բաց ես թողնում, դիմացինդ օգտվում է դրանից եւ գցում կատարում: Այդ մի վայրկյանում կորցնում ես ամեն ինչ, երկար տարիների ամբողջ աշխատանքդ, չարչարանքդ, երազանքներդ ջուրն են ընկնում:

Ֆերդինանդն այժմ շատ վատ հոգեբանական վիճակում է: Նա երկար ու դժվար ճանապարհ էր անցել այստեղ հասնելու համար ու այսպիսի ավարտ ունեցանք: Նա շատ էր սպասում այս օրվան եւ ամեն ինչ ներդրել էր Օլիմպիական խաղերում հաղթելու համար:

Ինքս անցել եմ այս ճանապարհով եւ լիարժեք հասկանում եմ Ֆերդինանդի հույզերն ու ապրումներն այս պահին: Ինքս էլ նույն վիճակում եմ, որովհետեւ ինչպես Ֆերդինանդը, այնպես էլ ես հավատում էի նրա հաղթանակին, նրա հնարավորություններին: Ամեն դեպքում սա սպորտ է, եւ սպորտում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Հովհաննես Դավթյանը:

Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին Վարդենիսում: 6 տարեկանից բնակվում է Վլադիկավկազում: Ամուսնացած է։

Անձնական մարզիչներն են Վլադիկավկազում՝ Մուրադ Գասիբը, Աիլարով Իրբեկը, Հայաստանում՝ Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում 66 կգ քաշային կարգում: 2013 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն: 2015-2016 թվականներին փոխել է մարզական քաղաքացիությունը: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում:

Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թ. European Judo Open միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. «Մեծ Սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:

2018 թվականի ապրիլին Իսրայելում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ նվաճել ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

2020 թվականի Թել Ավիվի Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր է, 2021 թվականի Տաշկենտի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Ֆերդինանդ Կարապետյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում: 2020 թվականին «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն: