Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյանը լքեց պայքարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյանը լքեց պայքարը



Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) պարտությամբ մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում և լքեց պայքարը:

1/16 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը ժամանակից շուտ պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող 28-ամյա Ջալալ Յաֆային:

Բոլոր՝ 3 ռաունդներում ռինգի մրցավարը մեկական անգամ հաշիվ բացեց Կորյուն Սողոմոնյանի բաց թողած հարվածներից հետո: Երրորդ ռաունդում մրցավարը դադարեցրեց մենամարտը հայ բռնցքամարտիկի բաց թողած հարվածից հետո:

1/8 եզրափակիչում Յաֆայի մրցակիցը հուլիսի 31-ին կլինի զամբիացի Պատրիկ Չինյեմբան:

Կորյուն Սողոմոնյանը և Ջալալ Յաֆայը հանդիպել էին նաև Փարիզում տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որտեղ դարձյալ հաղթել էր բրիտանացի բռնցքամարտիկը:

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի հետ:

Արման Դարչինյանը (75 կգ) հուլիսի 29-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի սլովակ Անդրեյ Շեմեզի և Տրինիդադ Տոբակոն ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոյի միջև մենամարտի հաղթողի հետ։



Կորյուն Սողոմոնյան, բռնցքամարտ, 52 կգ քաշային կարգ

Ծնվել է 1993 թվականի մայիսի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Անձնական մարզիչը հայրն է՝ Սամվել Սողոմոնյանը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կորյուն Սողոմոնյանը բռնցքամարտով զբաղվում է 8 տարեկանից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2009 թվականին Երեւանում անցկացված պատանիների աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն, 2010 թվականին Բաքվում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը, բայց չի հաջողվել պահպանել չեմպիոնի տիտղոսը:

2011 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թվականի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն: 2015 թվականի մեծահասկաների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2017-ից թվականից երկու տարի Կորյուն Սողոմոնյանի մարզական կարիերայում դադար է եղել: Վերադարձել է 2019 թվականին եւ նույն տարում դարձել ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Երեւանում դեկտեմբերի 13-18-ը անցկացված «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի ընտրական մրցաշարի հաղթող:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2020 թվականի մարտի 16-ին Լոնդոնում մեկնարկած ու կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված օլիմպիական վարկանիշային մրցաշարում: