Լրահոս

Արթուր Ալեքսանյան․ «Մարտական տրամադրվածությամբ ենք մեկնում Տոկիո»




Բարձր տրամադրությամբ ու մարտական տրամադրվածությամբ ենք մեկնում Տոկիո: Գնում ենք պայքարելու, Հայաստանի պատիվը բարձր պահելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանի եւ հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի հետ հուլիսի 30-ին 22:20-ին Երեւան-Դոհա-Տոկիո չվերթով մեկնեց օլիմպիական Տոկիո:

«Բարձր, մարտական տրամադրությամբ մեկնում եմ Տոկիո: Նախապես չեմ կարող ոչինչ ասել, թե ինչպես կստացվի, գորգը ցույց կտա: Որեւէ խորհրդանշանակ իր ինձ հետ չեմ տանում Տոկիո, ըմբշամարտի համազգեստս է: Գնում ենք պայքարելու, մեր երկրի պատիվը բարձր պահելու»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

«Մարտական եմ տրամադրված: Լավ պատրաստ եմ Օլիմպիական խաղերին: Հոգենբանորեն նույնպես պատրաստ եմ օլիմպիական մրցագորգ դուրս գալուն: Ինքս ինձանից ակնկալում եմ միայն ոսկե մեդալ: Դրա համար ամեն ինչ արել եմ, մարզիչները մեզ շատ լավ պատրաստել են»,- նշեց Կարապետ Չալյանը:

Հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, Տոկիո-2020-ից սպասելիքները մեծ են, փորձելու են կրկնել Արթուր Ալեքսանյանի հաջողությունը:

«Տոկիո ենք մեկնում մարտական տրամադրությամբ, սպասելիքներով: Ես տեսնում եմ, որ տղաների մարզավիճակը լավ է: Մրցավայրում արդեն հստակ պարզ կլինի՝ այդ օրը ով, ինչ վիճակում է: Ամեն ինչ կախված է իրենց հոգեբանական վիճակից: Ամեն ինչ կարեւոր է այս իրավիճակում, նույնիսկ մեկ գիշեր վատ քունը կարող է փոխել ամեն ինչ մարզիկի մոտ:

Գնում ենք պայքարելու, կռվելու, հաղթելու, բայց ինչպես կստացվի, մրցագորգը ցույց կտա, Աստծո կամքով կլինի:

Որպես մարզիչ, ապա նաեւ հայր երրորդ անգամ եմ որդուս ուղեկցում Օլիմպիական խաղեր եւ երեքի դեպքում էլ զգացողություններն ու հույզերը տարբեր են:

Մեր երկրի իրավիճակը հաշվի առնելով, այս Օլիմպիական խաղերում հաղթանակներն առավել քան կարեւոր են: Մենք ներկայացնելու ենք մեր երկիրը եւ հաղթանակներ ունենալու պատասխանատվությունը կրկնակի, եռակի մեծ է:

Չեմպիոն դառնալը դժվար է, պահպանելն ավելի դժվար: Այժմ մենք հասել ենք այդ ավելի դժվարին: Ուզում ենք անպայման փորձել կրկնել մեր հաջողությունը եւ ապացուցել, որ հնարավոր է լինել նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն»,- շեշտեց Գեւորգ Ալեքսանյանը:

Օլիմպիականներին Տոկիո ճանապարհելու էին եկել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի բոլոր անդամները, հարազատներն ու ընկերները: Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին ընկերները ծափերով ճանապարհեցին օլիմպիական Տոկիո:

Հունահռոմեականների Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիո կմեկնի օգոստոսի 1-ին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատվիրակության առաջինը խումբը՝ օլիմպիական Արմեն Մելիքյանը (60 կգ), հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գեւորգյանը մեկնել են հուլիսի 29-ին եւ արդեն ժամանել են Տոկիո:

Հունահռոմեական ըմբիշները Տոկիո-2020-ում պայքարը կսկսեն օգոստոսի 1-ից: Այդ օրը մրցագորգ դուրս կգա Արմեն Մելիքյանը: Օգոստոսի 2-ին պայքարի մեջ կմտնեն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) եւ Կարապետ Չալյանը (77 կգ), հունահռոմեականների վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը կմասնակցի կմեկնարկի օգոստոսի 3-ին: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:



Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն ու բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: