Տոկիո-2020. Կարապետ Չալյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020. Կարապետ Չալյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ



Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) պարտություն կրեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում և կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը 2:6 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին:

Առաջին մրցափուլի միջնամասում Կարապետ Չալյանը մրցակցի պասիվության համար ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն: Նա բարձրացրեց մրցակցին, սակայն գցումն անհաջող կատարեց ու 2 միավոր տվեց Մախմուդովին: Ղրղզ ըմբիշը ստացավ պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, իսկ հաշիվը դարձավ 4:1: Մախմուդովը վաստակեց ևս 2 միավոր, իսկ Չալյանը դարձյալ հայտնվեց պարտերում: Հայ ըմբիշն այս անգամ լավ պաշտպանվեց: Առաջին մրցափուլն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ Ակժոլ Մախմուդովի:

Երկրորդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Մրցակիցը հաջող պաշտպանվեց ու վերջնամասում ընդամենը մեկ միավոր տվեց Չալյանին՝ 6:2:

Կարապետ Չալյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ քաշային կարգ։

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։

Անձնական մարզիչն է Արթուր Պետրոսյանը:

Կարապետ Չալյանը 2010 թվականի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2012 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թվականի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում։ 

Ամուսնացած չէ։