Լրահոս

Տոկիո - 2020. Արսեն  Հարությունյանը պարտվեց մեկնարկային խաղում, բայց դեռ մեկ շանս ունի



Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին պայքարը սկսեցին ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 2019թ. Եվրոպայի չեմպիոն, 2020թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 1:6 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին։ 

Առաջին մրցափուլում գորգի մրցավարը հաշիվ բացեց և Արսեն Հարությունյանին 30 վայրկյան տվեց ակտիվանալու համար, ինչից հետո հայ ըմբիշը մրցակցին դուրս հրեց գորգից և վաստակեց 1 միավոր: Վերջնամասում Մոնղոլիայի ներկայացուցիչը հավաքեց 2 միավոր և հաշվի մեջ առջևում գնաց ընդմիջման:

Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Բեհբայար Էրդենեբատը վաստակեց ևս 2 միավոր, ավելի ուշ՝ ևս երկուսը: 21-ամյա Հարությունյանը նաև զգուշացում ստացավ ու պարտվեց 1:6 հաշվով:

Եթե 28-ամյա Բեհբայար Էրդենեբատին նվաճի եզրափակիչի ուղեգիր, Արսեն Հարությունյանը հնարավորություն կստանա օգոստոսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցիչի մրցակիցը կլինի իրանցի Ռիզա Աթրինագարչին, որը 3:2 հաշվով հաղթել է թուրք Սուլեյման Աթլիին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 6-ին:

Տոկիո-2020-ում Արսեն Հարությունյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր օգոստոսի 4-ին:

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին ունի 4 մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Օգոստոսի 6-ին Բաչկովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում:

Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը:

Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:

2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր: