Լրահոս

Կարապետ Չալյանը՝ Տոկիոյից. Շատ վատ եմ զգում, որ չկարողացա արդարացնել իմ հայրենակիցների ու նաեւ իմ սպասելիքները



Շատ հիասթափված եմ: Ամեն անգամ այդքան մոտ եմ լինում մեդալին, բայց մնում եմ առանց մեդալի: Վատ եմ զգում, որ չարդարացրեցի բոլորի ու իմ սպասելիքները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց հունռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ):

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեդալ չնվաճեց: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում վիճահարույց մրցավարության պայմաններում Չալյանը 1։4 հաշվով պարտվեց 33-ամյա ադրբեջանցի, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռաֆիգ Հուսեյնովին:

Կարապետ, 2019 թվականի աշխարհի առաջնության անհաջողությունը կրկնվեց Օլիմպիական խաղերում: Ինչո՞ւ չստացվեց:

Օլիմպիական խաղերում շատ լավ մարզավիճակում էի, առավել, քան երբեւէ: Չստացվեց մրցավարական կողմնապահության պատճառով:

Քառորդ եզրափակիչում իմ սխալի պատճառով պարտվեցի, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտին լիարժեք մեդալի տրամադրվածություն ունեի: Կարող էի եւ անում էի: Մրցավարները միջամտեցին եւ նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, ասես՝ այդպես էլ պետք է լիներ:

Հենց սկզբից, երբ ինձ զգուշացում տվեցին, հասկացա, որ կռիվս լինելու է մրցավարների դեմ, այլ ոչ թե ադրբեջանցու: Ի դեպ, նրա հետ առաջին անգամ էի հանդիպում մրցագորգում: Միշտ հանդես է եկել 82 կգ քաշային կարգում: Հենց սկզբից զգացի, որ չեն ուզում իմ հաղթանակը:

Իմ պարտությունների մեջ չեմ սիրում որեւէ արդարացում, մեղավորներ գտնել, բայց այստեղ ամեն ինչ շատ բացահայտ էր, ու կարծում եմ՝ բոլորը տեսան, թե ինչ են անում մրցավարները հայերի նկատմամբ, այս պարագում՝ Արթուր Ալեքսանյանի, Կարեն Ասլանյանի եւ իմ:

Ի դեպ, նաեւ չեմ սիրում ինչ-որ պատճառներից կառչել, բայց չեմ կարող չշեշտել, որ ադրբեջանցու ամբողջ մարմինը յուղով էր պատված: Ես ցույց տվեցի գորգի մրցավարին, բայց ուշադրություն էլ չդարձրեց: Այդտեղից էլ հասկացա, որ կողմնապահություն է լինելու:

Իսկ կա՞ր որոշակի լարվածություն այն մտքից, որ մրցակիցդ ադրբեջանցի է:

Ոչ մի լարվածություն չունեի: Ավելին, հաղթելու ցանկությունս եռապատկված էր: Առաջնայինը շատ էի ուզում հաղթել նրան, հետո՝ նոր մեդալ նվաճել: Ոչինչ ինձ չէր ճնշում:

Ըստ քեզ, ինչո՞վ էր պայմանավորված մրցավարների կողմնակալ վերաբերումնքը հայերի նկատմամբ:

2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերից 5 տարի է անցել, բայց մրցավարական կողմնապահությունները մեր նկատմամբ չեն փոխվել: Ամեն ինչ նույնն է հայերի հանդեպ: Արթուր Ալեքսանյանի, Կարեն Ասլանյանի, բոլորիս նկատմամբ կար հատուկ ընդգծված վերաբերմունք: Միշտ այդպես է եղել, Օլիմպիական խաղերում հայ մարզիկներին միշտ վատ են դատել: Չեմ կարող ասել՝ ինչով էր պայմանավորված, բայց գիտակցում եմ, որ այս անարդարությունների դեմ դժվար թե հնարավոր լինի առնել:

Հիասթափվա՞ծ ես:

Շատ... Ամենավատ պահն է հիմա ինձ մոտ: Միշտ կարեւոր պահերին, երբ այդքան մոտ եմ լինում մեդալին, հանդիպում եմ մրցավարական կողմնապահության ու մնում առանց մեդալի: Սա իմ մարզական կարիերայի ամենամեծ նվաճումը պետք է լիներ, բայց ցավոք, մնացի առանց մեդալի, ինչպես միշտ:

Հիասթափությունն այնքան մեծ է, որ չեմ պատկերացնում՝ ինչպես եմ շարունակելու մարզվել: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որոշել, որովհետեւ շատ վատ հոգեբանական վիճակ է: Ժամանակ է պետք եւ վերականգնվել:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ ազգին: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետեւում, երկրպագում էին, ինձ հետ միասին ուրախանում հաղթանակներովս ու տխրում պարտությամբ: Մեծ աջակցություն զգացի այս օրերին իմ հայրենակիցներից, որն ինձ ավելի էր գոտեպնդում մրցագորգում: Շնորհակալ եմ իմ կողքին լինելու եւ ինձ ոգեւորելու, ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար: Ու հիմա ինձ շատ վատ եմ զգում, որ չկարողացա արդարացնել իմ հայրենակիցների ու նաեւ իմ սպասելիքները: