Լրահոս

Մեսի․ «Ես համաձայնել էի աշխատավարձի 50 տոկոս կրճատման, այլ բան չեն խնդրել»



Արգենտինացի Լիոնել Մեսին «Բարսելոնայում» հրաժեշտի ասուլիսում հերքել է լուրերը, թե կատալոնական ակումբը ցանկացել է 80 տոկոսով կրճատել իր աշխատավարձը, եւ դրա հետեւանքով չի հաջողվել կնքել նոր պայմանագիր։

«Ես համաձայնել էի աշխատավարձի 50 տոկոս կրճատման, այլ բան չեն խնդրել։ Սուտ են խոսակցությունները, թե խնդրել են հրաժարվել աշխատավարձիս եւս 30 տոկոսից։ Այդպիսի բան չի եղել։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց մնալ չստացվեց։ Լա Լիգայի հետ խնդիրների պատճառով չստացվեց կնքել նոր պայմանագիր։ Ես եւ ակումբը բոլոր հարցերում հասել էինք համաձայնության։

Ես միշտ ազնիվ եմ եղել երկրպագուների հետ։ Այդ մարդկանց հետ եմ մեծացել, միասին ուրախացել ենք։ Ամենակարեւորը նրանց ճշմարտությունն ասելն է։

Ես մեծացել եմ այս ակումբի արժեքներին համապատասխան եւ ձգտել եմ լինել համեստ ու հարգանքով լի։ Ես շնորհակալ եմ ակումբին իմ կարիերայի, տիտղոսների, նաեւ պարտությունների համար։ Դրանք շատ գեղեցիկ հիշողություններ են։

Հիմա շատ տխուր եմ, քանի որ լքում եմ ակումբը, որը սիրում եմ։ Կգան նոր խաղացողներ։ Ակումբն ավելի կարեւոր է, քան որեւէ մեկը։ Մարդիկ կհամակերպվեն։ Սկզբում տարօրինակ կլինի, բայց թիմ են եկել գերազանց ֆուտբոլստներ։ «Բարսելոնան» հիմա ունի գերազանց կազմ։

Ես գլխավոր թիմում էի 16 տարի։ Եկել է ժամանակն ամեն ինչ սկսել սկզբից։ Իմ ընտանիքի համար շատ բարդ քայլ է։ Ես գիտեմ, որ նրանք հրաշալի են իրենց զգում Բարսելոնայում։ Բայց ես գիտեմ, որ նրանք կհարմարվեն, եւ ամեն ինչ կարգին կլինի։ Պետք է պարզապես ընդունել այս միտքը եւ պարզապես սկսել զրոյից։

Իմ նպատակը նոր տիտղոսներն են։ Ցանկանում եմ չեմպիոն դառնալ մի քանի առաջնություններում եւ հասնել Դանի Ալվեսին։ Ես կձգտեմ դրան»,- ասել է Մեսին ասուլիսում։


Հիշեցնենք, որ 38-ամյա Դանի Ալվեսը Բրազիլիայի հավաքականի հետ հռչակվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ նվաճելով 44-րդ տիտղոսը կարիերայում։ Մեսին ունի 36 տիտղոս։

Մեսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է եղել 2001 թվականից, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2004 թվականին։ Նա Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։