Լրահոս

ՊՍԺ-ն Մեսիի շնորհանդեսի համար ամրագրել է Էֆելյան աշտարակը




Ֆրանսիական ՊՍԺ-ն օգոստոսի 10-ի համար ամրագրել է Էֆելյան աշտարակը: Սպասվում է, որ հենց Փարիզի ամենահայտնի վայրերից մեկում է տեղի ունենալու կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսիի շնորհանդեսը, հայտնում է ESPN-ը:

2017-ին ՊՍԺ-ն Էֆելյան աշտարակում անցկացրել էր նաև բրազիլացի հարձակվող Նեյմարի շնորհանդեսը: Այդ ժամանակ փարիզցիները 300 հազար եվրո էին վճարել միջոցառումն անցկացնելու համար:

Արգենտինայի հավաքականի ավագն օգոստոսի 9-ին բուժզննում կանցնի ՊՍԺ-ում: Ավելի վաղ նշվում էր 34-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:

Մեսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։