Լրահոս

Ինչպես թալիբները գրավեցին Քաբուլը. Աֆղանստանի մայրաքաղաքի անկման ժամանակագրությունը




Օգոստոսի 15-ին համաշխարհային մամուլի առաջին էջերում թալիբների կողմից Աֆղանստանն ամբողջապես գրավելու և իշխանության փոխանցման մասին լուրերն էին։ Թալիբներն օգոստոսի 15-ի առավոտյան հայտնվել էին մայրաքաղաք Քաբուլի մատույցներում, որն աֆղանական վերջին խոշոր քաղաքն էր, և որը գտնվում էր կառավարական ուժերի վերահսկողության տակ։ «Հետք»-ը հակիրճ ներկայացնում է օգոստոսի 15-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ու իշխանության փոխանցման գործընթացը թալիբներին։

Աֆղանստանի մայրաքաղաքի ուղղությամբ թալիբների հարձակման մասին առաջինը հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։ Դրանից անմիջապես հետո թալիբները տարածել էին հայտարարություն, որտեղ հայտնել էին, որ մտադիր չեն գրոհով վերցնել քաղաքը։ Գրոհայիններին հրամայվել էր մնալ Քաբուլի դարպասների մոտ, իսկ շարժումը խոստացել էր ապահովել բոլոր ցանկացողների ելքը մայրաքաղաքից։

Քաբուլի նկատմամբ վերահսկողության կորստի մասին փաստացի ընդունել էր Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզավքալը։ «Քաբուլի գրոհ չի լինի, իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով կլինի»,- TOLO News-ի եթերում հայտարարել էր նա։

 



Երևանի ժամանակով մոտ 16:00-ին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները բանակցությունների նպատակով ժամանել էին նախագահական նստավայր։ Հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր կդնի իր իրավասությունները և կփոխանցի իշխանությունը։ Բանակցություններից առաջ նա խորհրդակցություններ է վարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչների հետ։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ իշխանությունը կարող է փոխանցվել ժամանակավոր կառավարությանը։ Լրատվամիջոցները հայտնել են, որ այն կարող է գլխավորել Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար և Գերմանիայում այդ երկրի նախկին դեսպան Ալի Ահմեդ Ջալալին։ Քաբուլում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Աֆղանստանի անցումային կառավարության հետ։

Երևանի ժամանակով 17:30-ին տեղական TOLO News-ը հայտնել է, որ Աֆղանստանի նախագահը լքել է երկիրը։ Asia-Plus գործակալության տվյալներով՝ Ղանին հրաժարական է տվել և մեկնել Տաջիկստան։ Ավելի ուշ, իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր, որ «բախվել է բարդ ընտրության հետ». դեմ առ դեմ կանգնել զինված թալիբներին, որոնք ցանկանում էին մտնել պալատ, թե լքել հայրենի երկիրը։ Նա որոշել է մեկնել, որպեսզի խուսափի արյունահեղությունից։



Շուտով թալիբները հայտարարեցին, որ զինված միավորումները ամբողջությամբ շրջապատել են Քաբուլը և պատրաստ են մտնել Աֆղանստանի մայրաքաղաք։ Գրոհայինները նշել էին, որ դա անհրաժեշտ է «անվտագության ապահովման և քաոսի կանխարգելման» համար։ Մեկ ժամ անց թալիբները հավելել էին, որ սպասում են իշխանության ամբողջական փոխանցման։ Reuters-ը փոխանցել էր, որ թալիբներին դուր չի գալիս անցումային կառավարության տարբերակը։

Երևանի ժամանակով մոտ 19:30-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ «Թալիբան» շարժման գրոհայինները առանց դիմադրության մտել են Քաբուլ և հայտարարել նախագահական նստավայրի վերահսկողության ստանձման մասին։ Ավելի ուշ, Աֆղանստանի իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը հայտարարել էր, որ Աֆղանստանի կառավարությունը հրաժարավում է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։ Ընդ որում՝ Associated Press-ը, հղում անելով թալիբներին, գրել էր, որ վերջիններս պատրաստվում են հայտարարել Աֆղանստանի իսլամական էմիրությունների ստեղծման մասին։

Al Jazeera հեռուստաընկերությունը ցուցադրել է նախագահական պալատից հեռարձակվող կադրերը։ Տեսանյութից երևում է, որ թալիբներն զբաղեցնում են երկրի ղեկավար կազմի աշխատասենյակները և հանում Աֆղանստանի դրոշները։ «Մենք այստեղից-այնտեղից լսում ենք կրակոցների ձայներ, սակայն չկա հաղորդագրություն փողոցային մարտերի կամ աֆղանական զինված ուժերի կուտակումների մասին, որոնք փորձում են կանխել գրոհայինների առաջընթացը։ Ինչքանով մեզ հայտնի է, այստեղ մութ է և մենք չենք կարող շրջանցել քաղաքը ու ինքներս տեսնել։ Թալիբներն առանց դիմադրության շարժվում են քաղաքում»,- հայտնել է CNN-ը թղթակիցը, որը գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաքում։ Տեղի ժամանակով 21:00-ից Քաբուլում հայտարարվել է պարետային ժամ։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի ժամանակով 22:40-ին Քաբուլում ԱՄՆ դեսպանության և նախագահական նստավայրի մոտ պայթյուններ են տեղի ունեցել։ Ավելի վաղ, ամերիկյան դիվանագետները հայտնել էին, որ Քաբուլի օդանավակայանում հրաձգություն է սկսվել։ Քաբուլի օդանավակայանից միջազգային ավիաընկերությունների քաղաքացիական թռիչքները չեղարկվել են։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ թույլատրվում է միայն ռազմական ինքնաթիռների թռիչքը։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները օդանավակայան են տարհանել դիվանագիտական անձնակազմի մի մասին։


Վաղ առավոտվանից արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները սկսել էին դեսպանատների իրենց աշխատակիցների տարհանումը։ Ռուսաստանը Քաբուլից իր դիվանագետներին չի նախատեսում հետ կանչել և մտահոգված չէ Աֆղանստանում առկա իրավիճակով։ Չնայած այն հանգամանքին, որ «Թալիբան»-ը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է դրա գործունեությունը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան լավ հարաբերություններ ունի թե՛ Աֆղանստանի կառավարության, և թե՛ թալիբների հետ։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ թալիբները երաշխավորել են ռուսական դեսպանության և մյուս երկրների դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։

 


Ներկայումս «Թալիբան»-ի վերահսկողության տակ են գտնվում Աֆղանստանի և հարևան երկրների միջև գտնվող սահմանային անցումները։ Ելքի միակ հնարավորությունը մնացել է Քաբուլի օդանավակայանը։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մայրաքաղաքի բնակիչները փորձում են շուտափույթ վիզա ստանալ և մեկնել երկրից։

CNN-ն էլ երեկոյան հայտնել էր, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի VIP սրահում հավաքվել են Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյաները և նախագահ Աշրաֆ Ղանիի խորհրդականները։ Նրանք ևս փորձել են լքել երկիրը։

 


Sky News-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը շտապ վերադարձել է արձակուրդից, որպեսզի իրականացնի արտահերթ նիստ և կոչ անի արևմտյան երկրներին արձագանքել Աֆղանստանում առկա իրավիճակին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռևս չեն հայտարարում իրենց գործողությունների պլանի մասին և սահմանափակվում միայն դիվանագետների տարհանմամբ։

Ավելի վաղ, թալիբները գրավել էին Մայդանշահր քաղաքը, որը Վարդակ պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Բացի այդ, նրանք գրավել էին Պուլի Ալամ քաղաքը, որը գտնվում է Քաբուլից 46 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի այդ, գրոհայինները կարողացել էին իրենց վերահսկողության տակ վերցնել Աֆղանստանի մեծությամբ հինգերորդ Ջելալաբադ քաղաքը։ Վերջինս, առանց դիմադրության, հանձնվել էր թալիբներին։ Այդպիսի որոշում ընդունել էին տեղի պաշտոնյաները, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչության շրջանում կորուստներից։

Իրավիճակն Աֆղանստանում սրվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին։ Թալիբները սկսել են մասշտաբային հարձակում կառավարական ուժերի վրա, իսկ աֆղանական բանակը հայտարարել մոբիլիզացման մասին։


Նյութի աղբյուրը այստեղ:
Լուսանկարը՝ Jim Huylebroek / The New York Times via Redux Pictures