«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը՝ Երևանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը՝ Երևանում




8 տարի շարունակ հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Հոգեշնորհ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքից, մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ` Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը ազդարարեցին երևանյան ծրագրի մեկնարկը։ 

Ելույթ ունեցան Դավիթ Ամալյանը, թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկին:




Փառատոնն այս տարի անցկացվում է օգոստոսի 14-ից 29-ը։ Մարզային ծրագրի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:

 Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից: Oգոստոսի 17-ից 29-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների և արվեստագետների, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում: 




Փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:

Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին: Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին` «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոսի 27-ին բացօթյա ներկայացում՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, իսկ վայրն անփոփոխ՝ Երևանի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների տարածք (Երևան, Աբովյան 15/1):



2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:

  Փառատոնի ծրագրում կհյուընկալվի Նատալյա Կռելը՝ «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտե» հասարակական միությունների համառուսական միության գործադիր տնօրեն, անվասայլակների պարի սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը, ով կիրականացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց սոցիալ - մշակութային գործիչների համար:

 «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ: