Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են




Բարձրավան համայնքի ղեկավարը հայտնեց` իրենց գյուղի բնակիչներին չեն տարհանել. գյուղում խուճապ չկա, բայց, բնականաբար, մարդիկ անհանգստացած են։

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ, սակայն ճանապարհը բացելու ուղղությամբ բանակցությունները վերսկվսել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բարձրավան գյուղի գյուղապետ Օնիկ Ավագյանը։

«Մենք այլընտրանքային ճանապարհ ունենք դեպի Տաթև-Կապան ճանապարհին միանալու` մեր գյուղից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, սակայն այն անտառների մեջով, դաշտերով, սարերով է։ Այսինքն` շատ վատ ճանապարհ է, ամենագնացներ են պետք այնտեղ հասնելու համար»,–ասաց Ավագյանը։


Նրա խոսքով` Բարձրավանից տարհանում չի իրականացվել, և տեղի բնակիչներն ապրում են իրենց կյանքով` խուճապ էլ չկա, սակայն անհանգստություն, բնականաբար, կա։

Ավագյանը նաև պատմեց` երեկ երեկոյան Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ինքն էլ է եղել, և արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհն ադրբեջանական զինվորները որոշ ժամանակով բացել են։ «Երեկոյան ժամը 11-ից հետո ճանապարհը ռուսների միջամտության բացեցին, բայց լուսադեմին արդեն նորից փակեցին»,–ասաց Ավագյանը։

Տեղեկացնենք, որ  օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:

Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Այսօր հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։

Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։

Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։