«Եթե Տիգրանի ճակատագիրն այսպես չդասավորվեր, մեծ հաջողություններ կունենար». ընկերները՝ Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եթե Տիգրանի ճակատագիրն այսպես չդասավորվեր, մեծ հաջողություններ կունենար». ընկերները՝ Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի մասին. Tert.am Life




Հոկտեմբերի 11-ին Արցախում զոհվել է բալետի արտիստ, դերասան Տիգրան Հարությունյանը։ Նա ժամկետային զինծառայող էր։ 23-ամյա Տիգրանն ավարտել էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ապա մեկնել ծառայության։ Tert.am Life-ը զրուցել է Տիգրանի ընկերների՝ Գոռ Պետրոսյանի և Լիա Զախարյանի հետ:

«Հիմա շատ բարդ է ինձ համար. ոչ միայն ես եմ ընկերոջս կորցրել, այլև աշխարհը յուրահատուկ գույն է կորցրել, նա այս աշխարհին շատ էր պետք։ Տիգրանն ապրեց 23 ստացված, հիասքանչ տարի։ Ցանկանում եմ նրա մասին ֆիլմ նկարահանել, ամեն ինչ մի փոքր ավելի ուշ կնախաձեռնեմ,- ասաց Գոռը և հավելեց՝ ծառայությունն այնքան էլ Տիգրանի համար չէր, քանի որ նա ազատություն էր սիրում,- Տիգրանն իր շրջապատի տրամադրություն ստեղծողն էր, ուրախացնում էր բոլորին։ Այնքան բարի էր, շատ մեծ սիրտ ուներ, ամեն տեղ բոլորին ընդառաջում էր, շատ կամեցող, շատ համարձակ, հզոր ոգու տեր մարդ էր»։


Տիգրանի մահվան լուրը ստացել են հոկտեմբերի 11-ին, բայց մի քանի օր նրան չեն կարողացել գտնել։ Ընկերը հասցրել է մինչև պատերազմը վերջին անգամ տեսնել Տիգրանին: «Համաճարակի պատճառով դեպի Արցախ ճանապարհները փակ էին, բայց պատերազմից մի քանի օր առաջ կարողացա գնալ, տեսնել Տիգրանին, փաստորեն, վերջին անգամ։ Մեկ-երկու օր անց սկսվեց պատերազմը։ Այդ ընթացքում մի քանի անգամ խոսել եմ իր հետ, վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 9-ին, միշտ ասում էր, որ մայրիկին փոխանցեմ՝ ինքը նրան շատ է սիրում։ Իրոք, Տիգրանն իր մայրիկին շատ էր սիրում»,- ընդգծեց Գոռը։

Նա նշեց, որ Տիգրանն ուզում էր Միացյալ Նահանգներ գնալ, դերասանի ուղին շարունակել։ «Ճիշտ է, պարը ևս սիրում էր, բայց դերասանի մասնագիտությունը գերադասում էր։ Եթե Տիգրանի ճակատագիրն այսպես չդասավորվեր, վստահ եմ՝ կունենար նաև իր աստղը Փառքի ծառուղում։ Տիգրանն ամեն ինչ ԱՄՆ-ի հետ էր կապում, գիտեր, որ մեծ բարձունքների է հասնելու, բայց պետք է փաստեմ, որ Հայաստանում էլ քիչ բարձունքներ չունեցավ»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ այսօր սեպտեմբերի 7-ին, 44-օրյա պատերազմում զոհված, բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի ծննդյան օրն է։


Ամբողջական հոդվածը կարդացեք Tert.am Life-ում: