Թամարա Գեւորգյանը վթարից հետո բեմ կվերադառնա «Հրեշը լուսնի վրա» ներկայացումով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թամարա Գեւորգյանը վթարից հետո բեմ կվերադառնա «Հրեշը լուսնի վրա» ներկայացումով




Սեպտեմբերի 22-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը: Պիեսի հիմքում Հայոց ցեղասպանությունից փրկված երկու հերոսների պատմությունն է. նրանց մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Թամարա Գեւորգյանը: Դերասանուհին իր հետ պատահած ավտովթարից հետո առաջին անգամ կլինի բեմում: Թամարայի խոսքով՝ պատասխանատվությունը մեծ է նաեւ այն առումով, որ սա առաջին նախագիծն է, որի շրջանակում հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլեւ՝ պրոդյուսեր:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին բացահայտել է ներկայացման մասին մի շարք մանրամասներ, խոսել այս փուլում իր դժվարությունների ու գործընկերների աջակցության մասին:



«Ռիչարդ Կալինոսկու պիեսը ցեղասպանությունից փրկված երկու հերոսների ու նրանց կյանքում մնացած հետքի մասին է. այն հիմնված է իրական փաստերի վրա: Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն՝ Սեդային: Սա նաեւ իմ առաջին պրոդյուսերական աշխատանքն է: Ներկայացումը դրամա ժանրում է, ու հիմնական խնդիրը պտտվում է Սեդայի ու Արամի՝ իմ եւ Մկրտիչ Արզումանյանի կերպարների շուրջ: Շատ հուզված ու ոգեւորված եմ սպասում այս պրեմիերային»,-նշեց նա:

Թամարան ներկայացման մտահաղացումն ունեցել է մինչ վթարը, իսկ դրանից հետո հասկացել, որ այս միտքը կիսատ չպետք է թողնել

Անդրադառնալով իր ինքնազգացողությանն ու հոգեբանական դժվարություններին՝ Թամարան նշեց, որ այդ բարդությունը հաղթահարել է սիրելի աշխատանքի շնորհիվ.

«Ֆիզիկական դժվարություններ կան, բայց չէի ասի, որ հոգեբանական առումով էլ է դժվար: Եթե դեպքը տեղի է ունեցել, ոչ թե պետք է նստել ու ընկճվել, այլ՝ մտածել՝ ինչպես իրավիճակից դուրս գալ: Շատ բարդ է իրականում, բայց ունենք այն, ինչ ունենք, իսկ լավագույն բուժումն աշխատանքն է, հատկապես՝ սիրած աշխատանքը»,-հավելեց նա:

Դերասանուհին առանձնահատուկ ջերմությամբ է խոսում գործընկերների մասին, որոնց հետ մեկ բեմում կանգնելը պատիվ է համարում.

«Մկրտիչ Արզումանյանը շատ պրոֆեսիոնալ է թե´ բեմում, թե´ բեմից դուրս, ու շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նրա հետ»:

«Հրեշը լուսնի վրա» պիեսի հեղինակը Ռիչարդ Կալինոսկին է, ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է, բեմանկարիչը՝ Արեգ Միրիջանյանը: Գործող հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Թամարա Գեւորգյանը, Գրիգոր Գաբրիելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Ներկայացումը հնարվոր կլինի դիտել նաեւ առաջնախաղի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում