Հոբելյանական համերգ Լոնդոնում
Հոկտեմբերի 16-֊ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում կայացավ հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։
Միջոցառմանը ներկա էին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը և դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։
Երեկոյի ընթացքում ընթերցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը։