Արմենիա TV-ն և «Շիրազի վարդը» հեռուստասերիալը ներկայացվել են Քյոլնում կայացած «ADAMI Dialogue 2021» համաժողովին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմենիա TV-ն և «Շիրազի վարդը» հեռուստասերիալը ներկայացվել են Քյոլնում կայացած «ADAMI Dialogue 2021» համաժողովին




Արմենիա TV-ն ներկայացել է Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած «ADAMI Dialogue 2021» համաժողովին։ Պատվիրակության կազմում էին Արմենիա TV-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն ու միջազգային հարաբերությունների բաժնի պատասխանատու Լիանա Մուրադյանը։

Արմենիա TV-ից Tert.am Life-ին հայտնեցին, որ կոնֆերանսին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ հեռուստասերիալների արտադրողներ։ Արմենիա TV-ի պատվիրակությունը արտասահմանյան գործընկերների, պրոդյուսերների և մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ մասնակցում էր եվրոպական սերիալային շուկայի զարգացման միտումները և համատեղ արտադրության հնարավորությունները թեմայով քննարկմանը։



«Արմենիա TV-ի արտադրած ֆիլմերն ու սերիալները դառնում են լոկոմոտիվ՝ հեռուստատեսային ոլորտի համար։ Մեր նախագծերը պահաջված են նաև միջազգային շուկայում՝ թարգմանվում ու ցուցադրվում են տարբեր երկրերում։ Շարունակելու ենք ստեղծել մրցունակ արտադրանք միջազգային մեդիաշուկայի համար», - նշեց Արմենիա TV-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը։

Քննարկումների առանցքում մշակութային բազմազանությունն էր և թեմայի անդրադարձը հեռուստաֆիլմերում։ Մասնագիտական քննարկմանը «Շիրազի վարդը» հեռուստասերիալը հատկանշվեց՝ որպես օրինակ, թե ինչպես կարելի է ներկայացնել թեման՝ անդրադառնալով մշակութային բազմազանության բոլոր կողմերին։

«Դեռ մեկ տարի առաջ ինձ հետ կապ հաստատեցին ADAMI Media-ի ներկայացուցիչները։ Հետաքրքրված էին «Շիրազի վարդը» հեռուստասերիալը ներկայացնել համաժողովի ընթացքում, քանի որ այն միտված էր մշակութային բազմազանություն իրազեկեկմանը հասարակության շրջանում։ Բազմաթիվ գնահատանքի խոսքեր լսեցինք միջազգային արտադրողների ու կազմակերպություների ղեկավարների կողմից։ Փաստ է, որ հայկական հեռուստաարդադրանքը պահանջված է միջազգային շուկայում, իսկ դրա հետևում ահռելի աշխատանք է։ Հայաստանում սերիալ արտադրողները բավականին ծանր աշխատանք են կատարում։ Հաստատուն քայլերով առաջ ենք գնում և մեր աշխատանքը ներկայացնելու ենք տարբեր հեղինակավոր հարթակներում»,-նշեց պրոդյուսեր Ելենա Արշակյանը։



Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության թեմայով համաժողովին Հայաստանից բացի ներկայանում էին նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և այլ երկրների հեռուստամասնագետների պատվիրակությունները:

«Բոլորին զարմացնում էր, որ Հայաստանի նման փոքր երկիրն ունի զարգացած սեփական ֆիլմարտադրություն, որն օրինակ է շատերի համար՝ ինչպես կարելի է հիմնել խթանել ու զարգացնել սեփական արտադրությունը», - նշեց Armenia TV միջազգային հարաբերությունների պատասխանատու Լիանա Մուրադյանը։

Համաժողովի ընթացքում Արմենիա TV-ին ստացել է տարբեր համագործակցության առաջարկներ և ձեռք բերել պայմանավորվածություններ հեղինակավոր արտադրողների ու հեռարձակողների հետ, որոնց մասին մանրամասն կներկայացվի առաջիկայում։