Անահիտ Մանուկյան. «Բեմը սխալներ չի ներում». երգչուհու վերջին հարցազրույցներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Մանուկյան. «Բեմը սխալներ չի ներում». երգչուհու վերջին հարցազրույցներից




Lurer.com-ը գրում է․

Յուրաքանչյուր մարդ մանկուց երազում է որևէ մասնագիտության մասին: Ոմանց բախտը ժպտում է, և երազանքը կատարվում է, ոմանց` ոչ: Անահիտ Մանուկյանը, մեծանալով երաժշտության մթնոլորտում, Աստծո կամքով դարձավ երգչուհի և երգերով ջերմացրեց բազում մարդկանց հոգիներն ու սրտերը:

«Արևածաղիկը» հոկտեմբերյան մի արևոտ օր հյուրընկալվեց արևի պես ջերմ երգչուհուն` Անահիտ Մանուկյանին, որը հաճույքով է վերհիշում մինչև բեմ անցած ճանապարհը:

- Մեր տանը միշտ երգ-երաժշտություն է հնչել, քանի որ հայրս թառ էր նվագում: Երաժշտությունը ուղեկցել է ինձ, և դրա հանդեպ սերը, ի վերջո, իմ մեջ արթնացրեց երգչուհի դառնալու երազանքը: Չորս տարեկանից հայրիկիս հետ երգում էի և երբ գնացի դպրոց, սկսեցի հաճախել դպրոցում գործող երգչախումբ: Ինձ անմիջապես նկատեցին, և ուր գնում էինք, ես ներկայացնում էի իմ շնորհը, որը տրված էր ինձ ի վերուստ:

Դեպի պրոֆեսիոնալ բեմ տանող ճանապարհը սկսել եմ, երբ ստեղծվել է «Ազատ ժամանց» սրճարան-ակումբը, որտեղ իրենց երգարվեստն էին ներկայացնում Արթուր Գրիգորյանի հավաքագրած շնորհալի և տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիները, որոնց թվում էին Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արթուր Իսպիրյանը, Անահիտ Ջանիբեկյանը, Իրինա Մալխասյանը, Արաքս Մուշեղյանը և ես:

Առաջին երգը, որն ինձ հաջողություն բերեց, Արթուր Գրիգորյանի և Վահան Անդրեասյանի «Բամբասանք» երգն էր: Այն հոգեհարազատ էր մարդկանց, ինչի շնորհիվ ջերմությամբ ընդունվեց: Առաջին տեսահոլովակը նկարահանվեց 1989թ. օգոստոսին: Հետո սկսվեցին «Այո» հեռուստաշոուները: Այդ մրցույթ-ծրագրի շնորհիվ մարդիկ ծանոթացան իմ երգարվեստին:

«Այո»-ին հաջորդեցին տեսահոլովակների «7,7,7» մրցույթը և բազում հյուրախաղեր արտասահմանյան երկրներ: Առաջինը Փարիզում էր, ապա` ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Եգիպտոսում... 1996թ. Ալմաթիում մասնակցեցի միջազգային փառատոնի և դարձա մրցանակակիր:

2000թ.«Սայաթ-Նովա» համահայկական փառատոնին արժանացա գլխավոր մրցանակի` հայրենասիրական երգերի անվանակարգում: 2002թ.-ին «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանն արժանացա առաջին և երկրորոդ մրցանակներին: Ավարտել եմ նաև էստրադային, ջազային քոլեջը:

- Սովորել եք նաև թատերական ինստիտուտում, ինչո՞ւ չշարունակեցիք դերասանուհու աշխատանքը:
- Այո, ավարտեցի թատերականը, սակայն դերասանուհու իմ կարիերան չշարունակեցի, քանի որ իմ մեջ զորավորը երգն էր, որն էլ հաղթեց: Չնայած օժտված էի նաև դերասանական ունակությամբ, ինչի մասին ինձ ժամանակին ասում էին Արմեն Մարությանը, Նիկոլայ Ծատուրյանը, բայց իմ կայնքն առանց երգարվեստի չեմ պատկերացնում:

- Կյանքում և բեմում սկզբունքները նո՞ւյնն են, թե՞ տարբեր:
- Ըստ իս` տարբեր են: Բեմն ազատություն է սիրում, բեմը չի ներում սխալները, սակայն և բեմը, և´ կյանքը դաստիարակում են: Այդ երկու չափազանց տարբեր երևույթները, ի վերջո, անհատ են ձևավորում ու դաստիարակում:

- Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:
- «Միշտ լինել պատրաստ»: Ճիշտ է, պիոներների երդման նման է հնչում, սակայն իրոք այդպես է: Պետք է պատրաստ լինել' անտեսելով ամեն դժվարություն: Եթե անպատրաստ ես, հանդիսատեսը դա անմիջապես զգում է:

- Բեմ դուրս գալուց առաջ հուզմունքը շարունակում է Ձեզ անհանգստացնել:
- Հուզմունքը երբեք չի դադարում ինձ անհանգստացնել: Երբ արվեստագետը կարողանում է հուզվել, վերապրել, դա շատ կարևոր է: Եթե արվեստագետը դադարի հուզվել, նա կկորցնի իրեն հատուկ հմայքը, և արվեստը կդառնա կենցաղի նման մի բան' սովորական, ինչի համար չեն հուզվում: Երևի արվեստի ուժը հենց դա է, որ այն քեզ հուզմունք է պատճառում: Այդ հուզմունք կոչվածի մեջ մեծ իմաստ, ուժ և էներգիա կա:

- Այսօրվա հայ երգարվեստը ի՞նչ մակարդակի է և զարգացման ի՞նչ միտումներ ունի:
- Այն և´ ծաղկում է, և´ կանգնած է իր տեղում: Այսօր Հայաստանում երաժշտությունն անհատների միջոցով է ստեղծվում: Մարդիկ ձայնագրում են այնպիսի երգեր, որոնք շուկայի համար շահութաբեր են. արվեստն այդպիսին չպիտի լինի: Չի կարելի ասել, որ արվեստը շահութաբեր չէ: Սակայն այն, ի վերջո, արվեստ է և ոչ թե առևտուր: Շատ են երգում արաբական ռիթմերով երգեր: Շատ ցավալի է մեզ համար, որ օտար երաժշտությունը ներմուծվել է հայկական երաժշտության մեջ: Կարծում եմ` դա ժամանակավոր բնույթ է կրում, իսկական արվեստը միշտ էլ իր խոսքն ասել է: Պարզապես իսկական արվեստի մարդիկ քիչ են:

- Հայ երգիչն ո՞ւնի իր շուկան:
- Մենք ստեղծագործում ենք Հայաստանում և այստեղի պայմանների պատճառով չենք կարողանում այն տարածել համաշխարհային շուկայում, քանի որ մենք այստեղ նույնիսկ շուկա չունենք: Հայ երգարվեստը ներկայացնող երգիչներն այստեղ շուկա չունեն, այստեղ շուկա ունեն ռաբիսները: Նրանք իրենց ձայներիզները դուրս են բերում շուկա, և այդպիսով ծաղկում է ցածրորակ ռաբիս երաժշտությունը, իսկ իսկական հայկական արվեստը դրանից տուժում է:

Ռաբիսը պետք է մնա հարսանյաց սրահում, իսկ արվեստը` բեմում, և եթե այսօր մեկը մյուսի հետ հավասար քայլում են, ապա սա լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս: Արվեստը միշտ պետք է վեր լինի ամեն ինչից:

- Ինչպիսի՞ն պետք է լինի երգչուհին:

- Նա պետք է լինի անհատականություն, մարդու հետաքրքիր մի տեսակ: Երգչուհին պետք է միշտ աշխատի իր վրա, որպեսզի ստեղծի նորը, ծնունդ տա նոր երգի, հակառակ դեպքում' նրա փայլը կխամրի: Պետք է սիրով ու քրտնաջան աշխատես քեզ վրա' նորից ծնվելու և վերածնվելու համար: Այն երգչուհին կարող է կայացած համարվել, ով միշտ ասելիք ունի իր հանդիսատեսին, երկրպագուներին, և ոչ թե նա, ով միշտ նույնն է կրկնում և, ի վերջո, սպառվում է, քանի որ այլևս ասելիք չունի:

- Երկրպագուների ու ձեր միջև կապը որքանո՞վ է կայացած:
- Ես սիրում եմ իմ երկրպագուներին: Երբ դառնում ես նրանց կյանքի մասնիկը, իրենք էլ քո կյանքի կարևոր մասնիկն են դառնում: Գոհարիկ անունով մի աղջիկ էր ինձ անընդհատ ու անդադար զանգում. հասկացա, որ նա ցանկանում էր մտնել իմ կյանք, իմանալ, թե ինչպես և ինչով է ապրում Անահիտ Մանուկյանը: Ես նրան հրավիրեցի մեր տուն, և Գոհարիկը, գալով մեր տուն, հասկացավ, որ մեր ընտանիքն էլ այնպիսին է, ինչպիսին մյուսներինը: Ես էլ, երբ փոքր էի, մտածում էի, թե երգիչները հատուկ մարդիկ են: Երբ մեծացա և ինքս դարձա երգչուհի, հասկացա, որ այդ հատուկը միայն այն շնորհն է, որ տրվում է Աստծուց, մնացած ամեն ինչն այնպիսին է, ինչպիսին մյուսների մոտ:

- Հաշվի առնո՞ւմ եք երկրպագուների կարծիքը:
- Այո, ինձ համար շատ կարևոր է, երկրպագուներիս կարծիքը, սակայն չեմ դառնում այդ կարծիքի զոհը, չեմ դառնում նրանց գերին, այլ մնում եմ այնպիսին, ինչպիսին կամ:

- Ճանաչումից երբևէ մեծամտացե՞լ եք:
- Երբեք ճանաչված լինելն ինձ չի մեծամտացրել, գոռոզացրել: Սա իմ աշխատանքն է, ինչպես մյուսներն են կատարում իրենց աշխատանքը, այնպես էլ ես, պարզապես երգչի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ քեզ ճանաչում են բոլորը: Իմ կարծիքով, միայն սին մարդիկ կարող են ճանաչված լինելուց մեծամտանալ, իսկ ես այդպիսին չեմ ու չեմ կարողանում այդպիսի միջակություններին ընդունել:

- Ի՞նչն եք գնահատում մարդկանց մեջ:
- Անկեղծությունն եմ գնահատում, կեղծ մարդկանց չեմ սիրում: Չեմ հարգում «ես» չունեցողներին, քանի որ նրանք անհատականություն չեն և շատ շուտ կարող են փոխել իրենց կերպարը: Անկեղծ մարդկանց շատ դժվարություններ են սպասվում, ես էլ վերջինների թվում եմ:

Անի Քոչարյան
2002թ.

Հ.Գ. Սա թերևս երգչուհի Անահիտ Մանուկյանի վերջին հարցազրույցներից է, որ նա տվել էր մինչ Հայաստանը լքելը: Երգչուհին պարզապես որոշեց լքել մեր երկիրն ու խզել բոլոր հնարավոր կապերը նրա հետ: Թեև արդեն 10 տարուց ավելի է, ինչ Անահիտի նույնիսկ մոտ ընկերները տեղեկություն չունեն երգչուհուց, այնուամենայնիվ, չեն դադարում նրա անձի փնտրտուքները` լրատվամիջոցների, իսկ հետաքրքրության բավարարումը` Անահիտին հիշողների ու երկրպագուների կողմից: Մենք էլ, հաշվի առնելով այս ամենը, որոշեցինք տպագրել երգչուհու հարցազրույցը, որը նույնքան արդիական է. կարծես տարիների բացակայությունից հետո երգչուհին նույնը կասի:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ