«Երկրորդ կյանք»․ նոր հեռուստանովել Վարշամ Գևորգյանի, Արևիկ Գևորգյանի, Լուիզա Ներսիսյանի և այլոց մասնակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երկրորդ կյանք»․ նոր հեռուստանովել Վարշամ Գևորգյանի, Արևիկ Գևորգյանի, Լուիզա Ներսիսյանի և այլոց մասնակցությամբ




Նոյեմբերի 29-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Երկրորդ կյանք» հեռուստաֆիլմը, որի գլխավոր դերերում ներկայանում են Վարշամ Գևորգյանն ու Արևիկ Գևորգյանը։

Ֆիլմի մտահղացումը դերասան Վարշամ Գևորգյանինն է։ Վերջինս տևական դադարից հետո է ներկայանում հեռուստանախագծում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նկատեց, որ էկրանային դադարի ընթացքում շարունակել է զբաղվել իր աշխատանքով, պարզապես թատրոնում։

«Հեռուստանախագծերում չերևալու հատուկ միտում չունեի, բայց ուզում էի լավ նախագծով ներկայանալ։ Սպասում էի լավ առաջարկի, ի վերջո, ինքս որոշեցի նախագիծ անել։ Ուրախ եմ, որ «Արմենիա TV»–ն վստահեց ինձ և տվեց այդ հնարավորությունը,– ասաց նա ու նկատեց, որ դերասանական կազմում ընդգրկված են մարդիկ, որոնք սերիալում չեն նկարահանվել կամ քիչ են նկարահանվել։ –Ներգրավել ենք և՛ արդեն կայացած դերասանների, և՛ դերասանների, որոնք նոր են սկսում քայլերը, բայց դեռ իրենց խոսքը կասեն այս ասպարեզում։ Կան դերասաններ, որոնք երբեք չեն խաղացել այս ձևաչափում, շնորհակալ եմ, որ վստահեցին ինձ։ Իհարկե, էլի կան շատ լավ դերասաններ, որոնց կցանկանայի տեսնել նախագծում, սակայն դերաբաշխումն արել ենք ըստ կերպարների համապատասխանության»։



Հեռուստաֆիլմում խաղում են Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյանը, Հայկ Դուրգարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը (Խուճուճ) և այլք:

Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երևանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաև անձնական կյանքը: Հեռուստանախագծի գլխավոր հերոսը վիրաբույժ Ռոբերտն է, որը հաջողել է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում: Նա ունի սիրելի աշխատանք, ընկերներ, շքեղ առանձնատուն և գեղեցկուհի կին: Սակայն, օրերից մի օր Ռոբերտի կատարյալ անդորրը խախտում է 20-ամյա ռոք խմբի երիտասարդ կիթառահար Աննան, որի հետ հերոսը ծանոթանում է վիրահատության ժամանակ: Բժշկին մարմնավորում է Վարշամը։

Նա պատմեց, որ կերպարը կերտելու համար բժշկի աշխատանքի մասնագիտական նրբություններն է ուսումնասիրել, վիրահատություններ նայել՝ տիրապետելու շարժուձևին․ ««Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը ի սկզբանե խնդիր էր դրել նկարահանել այնպիսի ֆիլմ, որը դիտելիս բժիշկները չեն ծիծաղի։ Կարծում եմ՝ խնդիրը լուծել ենք։ Խորհրդակցել եմ մասնագետների հետ, վիրահատություններ եմ նայել, ուսումնասիրել ժեստերը՝ ինչպես են հագնվում, ձեռքի ինչ շարժում են անում, ինչպես են լվացվում, հետո ինչ դիրքով են կանգնում, որպեսզի ձեռքերը ստերիլ մնան մինչև ձեռնոց հագնելը։ Մի շարք նրբություններ կան»։

Վարշամը նկատեց, որ բժշկական ոլորտը շատ հետաքրքիր է, հենց դրա համար է մտահղացել նկարահանել բժշկական մելոդրամա․ «Ինչպես արվեստում, թատրոնում, այնպես էլ բժշկության մեջ ուսումնասիրության առարկան մարդն է, պարզապես թատրոնն ուսումնասիրում է մարդու հոգին, բժշկությունը՝ մարդու ֆիզիոլոգիան»։

Ֆիլմի սցենարի հեղինակը Մարիամ Գևորգովն է։ Վարշամը նշեց, որ սցենարիստի դեբյուտային աշխատանքն է և շատ լավ է ստացվել։

«Հաճելի է աշխատել նոր մարդկանց հետ, լսել նոր գաղափարներ։ Ռեժիսորն էլ Հարություն Խալաֆյանն է։ Քանի որ նա ուներ նաև այլ նախագծեր, նախագծի սկիզբը նկարահանեց, հետո գործը ես շարունակեցի, բայց հիմքն ինքն է դրել»,– ասաց Վարշամը։