«Ուկրաինայի Ձայն»-ից հայտնի բժիշկ Նարեկ Ամիրյանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում լինելու ու երգելու որոշման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուկրաինայի Ձայն»-ից հայտնի բժիշկ Նարեկ Ամիրյանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում լինելու ու երգելու որոշման մասին



Երգող վիրաբույժ՝ այսպես է իրեն բնորոշում Նարեկ Ամիրյանը, որը մոտ երկու շաբաթ առաջ ցնցել էր հայկական համացանցը ուկրաինական «Ձայնը» նախագծի «կույր լսումների» իր ելույթով: Երիտասարդ հայ բժիշկի՝ «Nessun dorma» կատարումը ստիպել էր մրցույթի ժյուրիի բոլոր 4 անդամներին՝ Սվյատոսլավ Վակարչուկին, Պոտապին, Օլյա Պոլյակովային եւ Նադյա Դոռոֆեեւային, շրջվել իր ելույթի ընթացքում:

Ուկրաինայում ծավալվող պատերազմի պատճառով, իհարկե, դեռեւս դժվար է կանխատեսել մրցույթի հետագա ընթացքը, բայց NEWS.am STYLE-ը Նարեկի հետ զրուցել է իր հաջողության, բժշկության ու երգի համատեղման, ինչպես նաեւ՝ հետագա ծրագրերի մասին:

Նարեկը վիրաբույժ է. ինչպես ինքն է պատմում՝ երգել սկսել է Երեւանի պետական բժշկական համալսարանում սովորելու տարիներին:

Նարեկն այն բժիշկներից էր, որն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախում ու զբաղվել վիրավոր զինվորների բուժման ու տարհանման աշխատանքներով՝ ցավոք՝ ինքն էլ չշրջանցելով թշնամու թիրախը.

«Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ՝ բավական ծանր վիրավորում եմ ստացել, բայց հրաշքով փրկվել եմ, ու այդ ժամանակ հասկացել, որ կյանքում դեռ շատ անելիքներ ունեմ, ու այս կյանքին ես դեռ պետք եմ»,-պատմում է նա:

Ինչ վերաբերում է մրցույթին իր մասնակցությանը՝ Նարեկը հավելեց, որ նման մտադրություն վաղուց է ունեցել, սակայն նախկինում միշտ խուսափել է անել այդ քայլը.

««Ուկրաինայի Ձայն»-ին, ու առհասարակ տարբեր երկրների «Ձայնը» նախագծերին շատ վաղուց եմ հետեւում. ամեն անգամ ինձ պատկերացնում էի նման բեմում, եւ, ի վերջո, որոշում կայցրի մասնակցել ուկրաինական նախագծին, հայտս ուղարկեցի, բայց մինչեւ վերջին պահը մտածում էի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ, ի՞նչ գործ ունեմ ես այնտեղ, չէ՞ որ, այնքան շատ պրոֆեսիոնալ մասնակիցներ կան այդ մրցույթում... Սակայն հայտերի ընդունման վերջին օրը հստակ որոշեցի, որ պետք է փորձեմ ուժերս»,-հիշում է նա:


Նարեկը նշում է, որ մրցույթի նախնական լսումների փուլն անցնելն իր համար արդեն մեծ հաղթանակ էր, որին դժվարությամբ էր հավատում:

Հայ բժիշկի ընտրությունն, ի վերջո, կանգ է առել Դոռեֆեեւայի վրա: Անդրադառնալով իր որոշմանը՝ Նարեկը նշեց, որ նախապես չէր մտածել, թե ում խմբում է ցանկանում լինել, իսկ ընտրությունը կատարել է տվյալ պահի իր զգացողություններից ելնելով.

 
 Նարեկը նաեւ նշեց, որ իրեն հաճախ ասում են, որ պետք է թողնի բժշկությունն ու ավելի խորացված զբաղվի երգով, սակայն բժիշկի պացիենտները կարող են հանգիստ լինել, քանի որ նա չի պատրաստվում նման քայլի դիմել: Նարեկը վստահեցրեց, որ այսուհետ շարունակելու է ավելի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել երգով, սակայն բժշկությունը երբեք չի թողնի.