«Գնդակի արքան» կամ՝ ո՞վ է Հայկ «ֆրիսթայլերը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գնդակի արքան» կամ՝ ո՞վ է Հայկ «ֆրիսթայլերը»




Հայկ «ֆրիսթայլեր» (Freestyler) Աղաքարյանին Հայաստանում գիտեն համարյա բոլոր պատանիները, հատկապես՝ ֆուտբոլասերները: Հայկը հետևորդների մեծ բանակ ունի Tik Tok սոցիալական ցանցում, իսկ քանի որ Tik Tok-ին ավելի շատ հետևում են պատանիները, կարելի է եզրակացնել, որ նրա հետևորդը հիմնականում երիտասարդ սերունդն է: Այս մասին հայտնում է shrjapat.am-ը:  Ի՞նչ է «Ֆրիսթայլը»… Եթե բառի սկզբում ավելացնենք նաև ֆուտբոլը, ապա մի քիչ արդեն գլխի կընկնենք, թե դա ինչ է:


— Հայկ շատերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Ֆուտբոլ—ֆրիսթայլը: Այն հնարքները, որ դու անում ես գնդակի հետ, շատերը պատկերացնում են, որ դա կարող են անել միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, ու չեն մտածել որ դա սպորտաձև է: Ընդհանրապես, ինչպե՞ս սկսվեց քո մոտ, այսպես ասած, «ֆրիսթայլությունը»:

— Ֆուտբոլ-ֆրիսթայլը երիտասարդ սպորտաձև է, գուցե դա է պատճառը, որ միջին տարիքի մարդկանց կամ անծանոթ է, կամ չեն ընդունում: Այն, որպես սպորտաձև, կարելի է ասել, Հայաստանում ես եմ առաջինը սկսել: Ես ֆուտբոլի ու Ֆուտբոլ-ֆրիսթայլի միջև զուգահեռներ տանելով, ռիսկ արեցի, կամ հանձն առա այն Հայաստանում զարգացնել: Մանկուց ֆուտբոլով եմ մարզվել, իսկ ֆրիսթայլությունը որպես հոբբի եմ ընդունել, իսկ արդեն 16 տարեկանից ավելի լուրջ եմ զբաղվել ու կատարել լուրջ քայլեր: Արթիկի ֆուտբոլի դպրոցում եմ մարզվել, հետո տեղափոխվել եմ Երևանի ֆուտբոլային ակումբներից մեկը, և հենց պատանեկան տարիքից էլ զգացել եմ, որ դա իմ մոտ ստացվում է, այն մոտիվացրել է ինձ: Ինչո՞ւ եմ ցանկացել զբաղվել այս սպորտաձևով ու այն զարգացնել Հայաստանում. երեխաները, դեռևս փոքր տարիքից, որ ֆուտբոլով են մարզվում, պետք է գնդակի հետ շփումները շատ-շատ լավացնեն, իսկ հենց այս սպորտաձևը տալիս է այդ հնարավորությունը, որ երեխաները գնդակի հետ ավելի շատ շփվեն ու ցույց տան պրոֆեսիոնալ ֆուտբոլ:

— Միայն ֆուտբոլով հետաքրքրվողնե՞րն են քո հետևորդները:

— Կան նաև ֆուտբոլով ընդհանրապես չհետաքրքրվողներ: Նրանք կարող են իմ տեղադրած տեսանյութերին հետևել, քանզի հումորային կոնտենտով ևս հրապարակումներ ունեմ իմ էջում: Բացի այդ, ես տեղադրում եմ նաև չստացված կադրերը, որոնք իրենց հերթին հումորային մոտիվներով են. ասենք՝ ճաշ ուտելիս գնդակն ընկնում է ափսեի վրա, և այլն:

— Ասենք, ինձ էլ կարող է դուր գալ, բայց մեկ պտույտից ավել չկարողանամ պահել գնդակը… Գաղտնի՞ք կա…

— Որ մեկ-երկու մարզում անցկացնեք, Դուք էլ կկարողանաք, միայն թե կանացի երկար եղունգների ճակատագիրը կանխորոշված կլինի (ծիծաղում է):


— Հայկ, դու հայտնի ես… Ինչպե՞ս սկսվեց քո հայտնության ուղին: Էլ չենք խոսում, որ դու՝ քո հնարքներով արդեն Հայկական «Դյուցազնագրքում» ես գրանցված:

— Անկեղծ եմ ասում, հայտնի լինելու խնդիր կամ ցանկություն չեմ ունեցել, ինձ ավելի շատ մոտիվացրել է ֆրիսթայլը զարգացնելը: Երևի Ձեր նշած հայտնի լինելը «Տիկ-Տոկ»-ներում տեսահոլովակների տարածմամբ է պայմանավորած, իսկ հետագայում նաև հեռուստաալիքներով ինձ ցուցադրելը: Ուղղակի, գտնում եմ, որ եթե քեզ մոտ որևէ բան լավ է ստացվում, ու դու այն սիրում ես, պետք է այդ ուղին շարունակես՝ անկախ ճանապարհին հանդիպող անհաջողությունների, չստացված պահերի: Իմ հետևորդներին ներկայացրածս յուրաքանչյուր հաջողության հետ մեկտեղ ես ցույց եմ տվել նաև չստացված, անհաջող կադրերը, ուզենալով ասել, որ անհաջողությունը դա վերջը չէ, այլ կա երկրորդ փորձը, որը կարող է հաջողվել, եթե դու դա ուզում ես: Հաջողությունը վատ ուսուցիչ է, չպետք է սահմանափակվել մեկ կամ երկու հաջողությամբ, այլ այն պետք է փայփայել, կրկնապատկել, եռապատկել, չսահմանափակվել, ձախողումները չպետք է խոչընդոտեն հետագա ընթացքին:

— Նոր գաղափարները որտեղի՞ց ես վերցնում… Հա, սպասիր, գլխի ընկա՝ կենցաղային իրավիճակներից, ճաշ ուտելիս, սափրվելիս…

— Այո, հենց իմ հոլովակներում էլ նման թեմաների կհանդիպեք. որը որպես հնարք-նորույթ, որը որպես չստացված կադր-հումոր:

— Որքան գիտեմ, քեզ նաև հայաստանյան հայտնի բրենդներից են հրավիրել՝ գովազդում նկարահանվելու:

— Այո, նկարահանվել եմ: Ներկայում ևս կան կազմակերպություններ, որոնց հետ պայմանագրով համագործակցում եմ:

— Հետաքրքիր է. դու «Դյուցազնագրքում» ես գրանցվել, որովհետև Հայաստանում միա՞կն ես, թե՞ գնդակով հնարքներ կատարելը ժամանակաչափով է այն որոշվում, կմանրամասնե՞ս:

— Ժամանակն այնքան կապ չունի, որքան մի քանի գնդակ, միևնույն ժամանակ, մարմնի տարբեր մասերով պտտեցնելը: Հայաստանում նման դեպք չկա, աշխարհում հաշված մարդիկ են դա արել: Մի ռեկորդ էլ ունեմ, երբ գնդակի շուրջ պտույտ եմ կատարում. դա աշխարհում մի քանի հոգի է անում, որից մեկը ես եմ:

— Իսկ «Գինեսի» ռեկորդների գրքում հայտնվելու աղերսներ կա՞ն:

— Ճիշտն ասած, դեռ չեմ դիմել, գիտեմ, որ մի քանի ռեկորդներ կան գրանցված… Բայց լավ գաղափար տվեցիք… Կփորձեմ:


— Հայտնի ֆուտբոլիստներից քեզ հետ կապի մեջ մտե՞լ են:

— Այո, շատերն են կապի մեջ, պլաններ կան, որ հոլովակներ պիտի նկարահանենք: Այս տարի ՀՖՖ-ի կողմից հրավիրվեցի «Հանրապետական» մարզադաշտ՝ Յուրի Ջորկաեֆի գալու կապակցությամբ տեսահոլովակ նկարահանելու: Իր հետ էլ արդեն ծանոթությունը մտերմիկ է դարձել, որը հետագա լուրջ պլանների ու գաղփարների իրագործմանն են տանում:

— Հայկ, նաև տեսա, որ հետևորդները մեծ թվով նամակներ են գրում. կա՞ն դրանց մեջ զվարճալիները, որոնցով կուզենայիր կիսվել ընթերցողի հետ:

— Շա՜տ կան, ուղղակի՝ կան ոչ եթերայինները, կան զարմացնողները. ինձ ասում են. «Դու գնդակի «հայրիկն» ես, մնում է մի հատ էլ «մայրիկ» գտնել: «Գնդակի արքա» են ասում, որն էլ ավելի է մոտիվացնում: Ի դեպ, հակառակ սեռից էլ են հետաքրքրվում:

— Քեզ ճանաչո՞ւմ են, փողոցում մոտենո՞ւմ են սելֆի անելու…

— Այո, հատկապես Երևանում… Ես և Արթիկում և Երևանում բիզնես ունեմ: Ուզում եմ Ֆուտբոլ-ֆրիսթայլի մարզկենտրոն հիմնել, որովհետև շատերն են արդեն ցանկություն հայտնել մարզվելու:

— Ի՞նչ խորհուրդ կտաս պատանիներին:

— Միշտ զբաղվեն այն գործով, որը սիրում են, որովհետև սերը զբաղմունքի հանդեպ կտա այն շարժող էներգիան, որը կտանի զարգացման: Թող չլսեն ուրիշների կարծիքը, չհուսահատվեն անհաջողություններից, հակառակը, անհաջողությունները հաջողությունների սկիզբն են: Եվ չսահմանափակվել մեկ հաջողությամբ:

Նյութի աղբյուրը այստեղ: