Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ»-ի դերը սկզբում մերժելու պատճառի ու «Անահիտ» մրցանակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ»-ի դերը սկզբում մերժելու պատճառի ու «Անահիտ» մրցանակի մասին




Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն օրերս իր կարիերայում նոր նվաճում գրանցեց՝ արժանանալով հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար: Դերասանուհուն նման հաջողություն բերեց ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում դերակատարումը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլին նշեց, որ չէր սպասում մրցանակի, այդ պատճառով էլ ուրախությունն ու ոգեւորվածությունը կրկնակի են եղել:

«Երբ ստացա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուստի առաջին կուրսի ուսանողուհի էի, հրաժարվեցի դրանից, քանի որ դասախոսս չէր թույլատրում նկարահանվել մինչ ուսումն ավարտելը: Դրանից հետո դեռ հինգ տարի ֆիլմի սցենարը գրվում եւ մշակվում էր, եւ երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, ու ռեժիսոր Արամ Շահբազյանը կրկին նույն առաջարկն ինձ արեց, ինստիտուտն ավարտել էի ու համաձայնվեցի մասնակցել քասթինգին»,-վերհիշելով իրեն հաջողություն բերած ֆիլմում ստանձնած իր դերը՝ պատմեց դերասանուհին՝ հիշելով նաեւ քասթինգին առնչվող հետաքրքիր մի դրվագ,-«Ես այդ օրը գնացի գեղեցիկ հագնված ու լավ պատրաստված, իսկ Արամն ասաց, որ գեղեցիկ լինելու կարիք չկար, քանի որ մարմնավորելու էի մի տարօրինակ աղջկա (ծիծաղում է)»:


Անդրադառնալով ֆիլմի՝ մեծ հաջողություն դառնալու իր կանխատեսումներին՝ Լիլին հավելեց,- «Այդպիսի զգացողություն չունեի, բայց տեսնում ու հասկանում էի ֆիլմի շուրջ պրոֆեսիոնալ մոտեցումը, դերն էլ հետաքրքիր էր, իսկ առաջարկը՝ գայթակղիչ»:

Մրցանակը ստանալիս Լիլին բեմից խոստովանեց, որ թեեւ իրեն շատերն էին զգուշացնում, թե ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ աշխատելը բարդ է, նրանք միմյանց լավ են հասկացել նկարահանման հրապարակում, իսկ հարցին՝ արդյոք իր հետ հե՞շտ է աշխատելը, դերասանուհին պատասխանեց.

«Ես եւ Արամը կես խոսքից հասկացել ենք միմյանց: Հիմնականում երեք դուբլից արդեն ստանում էինք տեսարանները: Կարծում եմ՝ ինձ հետ էլ է հեշտ աշխատել, պարզապես, քանի որ ինքս էլ ռեժիսոր եմ, երբեմն շատ եմ խառնվում, տալիս եմ բազում հարցեր, քանի որ ինձ էլ է հետաքրքիր այդ պրոցեսը (ժպտում է): Իսկ, առհասարակ, եթե արդեն համաձայնվել եմ նկարահանվել տվյալ նախագծում, ուրեմն՝ ռեժիսորին պետք է վստահեմ»:


Լիլին անկեղծորեն նշեց, որ կարծում էր, գուցե, ավելի նոր ֆիլմ արժանանար մրցանակի («Չնչիկն» էկրաններ է բարձրացել 2019 թ-ին՝ մոտ 17 տարի տեւած աշխատանից հետո. հեղ.),- «Բացի այդ, սա իմ առաջին դերն էր, ու ես վստահ չէի՝ բավականաչափ լա՞վ էի խաղացել, թե՞ ոչ»,-հավելեց դերասանուհին,-«Մրցանակը կարեւոր է միայն մի բանով՝ այն ոգեւորում ու մոտիվացնում է, պարտավորեցնում, որ չդոփես նույն տեղում ու առաջ նայես: Կարծում եմ՝ սա նաեւ մյուս դերասանների ու ռեժիսորների համար մոտիվացիա կդառնա, ու կստեղծվեն նոր ֆիլմեր»:


Լիլի Էլբակյանն այն դերասանուհիներից է, որին հաճախակի չենք տեսնում հեռուստասերիալներում: Խոսելով այդ մասին՝ դերասանուհին մեկնաբանեց:

Դերասանուհին ոչ միայն խաղում է թատրոնում, այլեւ դասավանդում է եւ զբաղվում բեմադրություններով:


Լուսանկարները՝ «Շարմ» հոլդինգի