Հայկ Հովհաննիսյանը՝ նոր կերպարի, հեռուստանախագծերի և իր իրական կերպարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Հովհաննիսյանը՝ նոր կերպարի, հեռուստանախագծերի և իր իրական կերպարի մասին




Արդեն մի քանի օր է ինչ սկսել է նկարահանվել «Ապրիր ինձ հետ» 24 մասից բաղկացած նոր հեռուստասերիալը, որի սցենարի հեղինակն է Անի Մաղաքյանը: Սերիալը ցուցադրվելու է «Նոր Հայաստան» հեռուստաընկերության եթերում:

Tert.am Life-ը հեռուստասերիալի գլխավոր կերպարը մարմնավորող Հայկ Հովհաննիսյանի հետ զրուցել է իր մարմնավորած նոր կերպարի, դերասանուհի Անի Խաչիկյանի հետ համագործակցության և իր մասին՝ հեռուստաէկրաններից այն կողմ:

«Մարմնավորում եմ երիտասարդ գործարարի կերպար, որն ունի շատ հանգիստ և համեստ բնավորության գծեր»,- ասաց նա և հավելեց, որ գլխավոր կերպարը մարմնավորող դերասանուհու հետ առաջին անգամ է խաղում:



«Անի Խաչիկյանի հետ առաջին անգամ եմ խաղում, բայց ամեն ինչ ավելի քան հարթ է գնում ու համագործակցությունը շատ հեշտ է ստացվում: Անին էլ իր տեսակով դրական մարդ է ու որևէ խնդիրների նկարահանան խաղահրապարակում չենք բախվել»,-նշեց դերասանը:

Հայկի խոսքով՝ այս կերպարը տարբերվում է նախորդ մարմնավորած կերպարներից և առհասարակ իր անձից:

«Այս կերպարը մարմնավորելու հարցում կան դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի են: Չեմ ունեցել դեռևս նման կերպար ու իմ մարմնավորած կերպարները հիմնականում եղել են վառ, ոչ համեստ դերեր։ Ինձ համար ևս հետաքրքիր փորձ է նման կերպ հանդես գալը,- ասաց դերասանը և հավելեց, որ ցանկացած նախագծից առաջ լինում են մտավախություններ,- այս սերիալը ևս բացառություն չէ: Մտածում ես, որ հեռուստադիտողը չասոցացնի քեզ նախորդ մարմնավորած կերպարների կամ քո հետ, կարողանաս ամեն կերպար յուրովի մատուցել․ այս դեպքում ևս փորձելու եմ լավագույնս ներկայանալ: Ունենք հրաշալի թիմ ու բավականին լավ սցենար, իսկ դա չի կարող չօգնել»:



Դերասանը նաև պատմեց՝ ինչպիսինն է հեռուստաէկրաններից և իր մարմնավորած կերպարներից այն կողմ:

«Պետք է ասեմ, որ նայած ամիս, օր ու ժամ՝ ինչպիսինն եմ ես: Իմ ներսում ապրում է մի քանի հոգի, բայց եթե խոսենք այն կերպարի մասին, որը հիմա եմ մարմնավորում, մեծ հաշվով ինձ հետ կապ չունի, իմ իրական եսից գրեթե ոչինչ չկա այդ կերպարում: Ինձ համար հոգեհարազատ են այն կերպարները, որոնք շատ գույներ ունեն, իսկ հավասարակշռված կերպարների պարագայում պետք է հեռուստադիտողը փորձի բացահայտել այն»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը:



Ինստագրամյան էջի սթորիներում, հրապարակումներում և մեկնաբանություններում դերասանի ընկերները Հայկին անվանում են «սրտակեր», չնայած ընկերների տված այդ որակմանը Հայկը վստահեցրեց՝ այդպիսին չէ:

«Ընդհանրապես համամիտ չեմ այդ ածականի հետ: Ես համեստ ու տուն տանելու տղա եմ, ի՞նչ սրտակեր»,- ծիծաղելով ասաց Հայկ Հովհաննիսյանը, ապա հավելեց՝ «խաբում է»:

Չնայած ինստագրամյան էջում 44 հազար հետևորդ ունենալուն Հայկը ոչ-ոքի չի հետևում և մեկնաբանեց, թե ինչու: «Պարզապես եսասեր եմ: Իրականում նայում եմ ընկերներիս հրապարակումները, սթորիները, բայց չեմ հետևում նրանց»,- պատասխանեց Հայկ Հովհաննիսյանը: