«Հատուկ դասարան». Անի Մաղաքյանի նոր հեռուստասերիալը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հատուկ դասարան». Անի Մաղաքյանի նոր հեռուստասերիալը




Մեկ ամիս է, ինչ եթերում է Անի Մաղաքյանի նոր՝ «Հատուկ դասարան» հեռուստասերիալը, որն արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից:

Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու մանրամասները։

Հեռուստասերիալի գլխավոր դերակատարները երիտասարդ դերասաններն են, որոնցից շատերի համար այս նախագիծը մեկնարկային է: Գլխավոր դերերից մեկը մարմնավորում է Դալիթան, ով 2011 թվականին մասնակցել է Հայաստանում առաջին «Մանկական Եվրատեսիլ մրցույթին»: Երիտասարդ դերասանուհին մարմնավորում է Մերիին՝ խելացի, բայց խնդրահարույց դեռահասի, որն իր մյուս դասարանցիների հետ ստիպված է դպրոցում պայքարել մի շարք խտրականությունների դեմ:

«Իրական կյանքում խիստ տարբերվում եմ իմ կերպարից, երբեք կոպիտ չեմ խոսում մարդկանց հետ, բնավորությամբ ավելի թեթև եմ քան այդքան լուրջ, կոնֆլիկտային չեմ: Դժվարություններ կան որոշակի, երբ պետք է չշեղվեմ իմ մարմնավորած կերպարից ու լինեմ չոր, լուրջ»,- ասաց Դալիթան:



Սերիալի գլխավոր կերպարներից է երիտասարդ դերասան Հրանտ Հովսեփյանը, ով սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Լող» բաժնում, իսկ հեռուստասերիալում մարմնավորում է Կարենի կերպարը, ով լուրջ և սկզբունքային երիտասարդ է:

«Ես ու իմ կերպարը նման ենք իրար, ավելի շատ նմանություններ կան, օրինակ՝ լուրջ ու հավասարակշռված բնավորությունը: Տարբերությունների առումով ես երբեք ծնողներիս հետ այդպես չեմ խոսի, ինչպես Կարենը նաև կռվարար չեմ, բայց ժամանակին եղել եմ այդպիսին»,- ասաց Հրանտը:



«Հատուկ դասարանում» սովորում են օրենքի հետ տարբեր խնդիրներ ունեցող աշակերտներ: Երիտասարդ դերասան Լյովա Խուրշուդյանը մի քանի ամիս է ինչ Գյումրիից տեղափոխվել է Երևան՝ սովորելու նպատակով:Սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտում, սա իր առաջին փորձն է հեռուստասերիալային ոլորտում: Երիտասարդ դերասանը մարմնավորում է Աբելին, ով գող է:

«Իրականում մարմնավորածս կերպարը գիտակցված չի անում գողություն, քանի որ նա մանկուց դա է տեսել իր մորից, բայց հիմա հեռուստասերիալում փորձելու եմ ցույց տալ, թե ինչպես է կերպարը փոխվում ու փոխվում են նրա արժեքները: Հումորային կերպար է, դրական միջավայր է ստեղծում իր շուրջ, բայց կարծում եմ, որ դա իր պաշտպանիչ զրահն է»,- ասաց Լյովա Խուրշուդյանը:



Տնօրենի աղջկա կերպարը մարմնավորում է Մերի Քոչարյանը՝ խաղալով հաշմանդամություն ունեցող աղջկա կերպար: Հատկանշանական է, որ նրա և հատուկ դասարանի տղաներից մեկի միջև կա սիրային գիծ:

«Շատ բարդ ու պատասխանատու քայլ է մարմնավորել հաշմանդամություն ունեցող աղջկա։ Առաջին սերիաներից երևում է, որ կան բնավորության որոշակի կամակոր գծեր, աղջիկը փորձում է ցույց տալ, որ իր շրջապատում գտնվող մարդիկ իրեն պետք է լիարժեք ընդունեն, երբեմն, ունենում է պոռթկումներ, քանի որ իրեն հասած ճակատագիրն այդքան էլ հեշտ չէ: Դժվարություններ, իհարկե, կան, երբ փորձում ենք սիրային գիծը ցույց տալ, անգամ հայացքների միջոցով ինչ-որ բան փոխանցել, որ նրանք հավատան, իսկ իրականում շատ ուրախ եմ, քանի որ մարդիկ սիրել են մեր պատմությունն ու զույգը»,- ասաց Մերի Քոչարյանը:



Հատուկ դասարանի դասղեկի՝ Դավիթի կերպարը մարմնավորում է Վիլեն Սարգսյանը:

«Կերպարս շատ անկեղծ է, համարձակ ու սկզբունքային: Երիտասարդ սերնդի հետ աշխատելը շատ հաճելի է, ես շատ բան եմ սովորում իրենցից, իրենց հետ շատ հեշտ է աշխատել»,- նշեց Վիլեն Սարգսյանը: