Ռոզա Լինի ասուլիսը Թուրինում. «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչը պատմել է իր մրցութային բեմադրության, տառապանքի ու հաջողության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոզա Լինի ասուլիսը Թուրինում. «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչը պատմել է իր մրցութային բեմադրության, տառապանքի ու հաջողության մասին




«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը երեկ Թուրինում անցկացրել է մրցութային իր երկրորդ փորձը, որից հետո հանդես է եկել ասուլիսով ու պատասխանել լրագրողների հարցերին: Ասուլիսի մասնակիցները հետաքրքրվել են հայ երգչուհու բեմադրությամբ, երգի նշանակաությամբ ու մինչ «Եվրատեսիլ»-ն ունեցած դժվարություններով:

Անդրադառնալով մրցութային իր բեմադրությանը, որը վստահվել է Մարվին Դիետմանին ու Դեն Շիպտոնին, Ռոզան նշել է, որ այն ներկայացնում է իր համար շատ անձնական պատմություն.

«Բեմին սենյակ է, որը ներկայացնում է իմ ներաշխարհը. այնտեղ դուք կտեսնեք գրառումներ՝ այն մտքերը, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ լավ բաների շուրջ, բայց երբ ես հայտնաբերում եմ իմ երգի բառերը, դրանք ինձ օգնում են հաղթահարել այդ բացասական էներգիան: Երեւի՝ միայն իմ շատ մտերիմ ընկերները գիտեն, թե ինչ նշանակություն ունի այս երգն ինձ համար. ամեն տողն անձնական է ու շատ հատուկ»:

Երգչուհին նշել է, որ թեեւ իր Snap երգի պատմությունը տխուր է, այն, ի վերջո, դրական վերջաբան է ունեցել իր համար՝ հնարավորություն ընձեռելով մասնակցել մրցույթին:

«Ինչ էլ քեզ հետ պատահում է, ամեն դեպքում, լավ է, քանի որ, ահա, ես այդ երգի շնորհիվ այստեղ եմ: Այո, ես տառապել եմ, եւ այն, ինչ գրել եմ, խիստ անձնական է, բայց այդ ցավն ու տառապանքն են ինձ բերել «Եվրատեսիլ», այնպես որ, իհարկե, այս պատմության վերջում կա լավատեսություն: Առհասարակ, կյանքը ձեւավորում են դրական ու բացասական իրողությունները»:

Ռոզայից նաեւ հետաքրքրվել են, թե արդյոք հանդիպե՞լ է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթած Մալենային, եւ ի՞նչ խորհուրդ է ստացել նրանից.



«Ես հանդիպել եմ Մալենային, այնքան հպարտ եմ նրա համար: Նա հրաշալի է, միասին արել ենք Euphoria հայտնի երգի cover տարբերակը: Իհարկե, խորհուրդն այն էր, որ չկորցնեմ իմ «ես»-ն ու անեմ լավագույնը, լինեմ բնական, որովհետեւ հենց դրա կարիքն ունեն մարդիկ: Ես, պարզապես, իմ աշխատանքն եմ կատարում, եւ հույս ունեմ՝ կհասնեմ մարդկանց սրտերին»,-ասել է երգչուհին:


Հարցին՝ որքանո՞վ է դժվար եղել փոքրիկ քաղաքի աղջկան զբաղվել երաժշտությամբ, Հայաստանի ներկայացուցիչը պատասխանել է.

«Ես սկսել եմ երգեր գրել իմ սենյակում՝ չունենալով ոչ մի եկամուտ, չունենալով կապեր, ես ընդամենը 11-12 տարեկան էի, բայց սրտիս խորքում գիտեի՝ մի օր հաջողության եմ հասնելու: Այդ ամենն ինձ հետ ենթագիտակցաբար է կատարվել: Առհասարակ, երաժշտության ոլորտում մրցակցությունը մեծ է, դժվար է երաժշտությամբ գումար վաստակել, պետք է շատ աշխատես հաջողության հասնելու համար, բայց ես դժվարություններին ուշադրություն չէի դարձնում, պարզապես, զբաղվում էի երաժշտությամբ, որովհետեւ ուրիշ բան չէի ուզում անել, եւ, հավանաբար, այն էներգիան, որն ուղարկել եմ Տիեզերք, վերադարձել է ինձ»:

Բոլոր պատանիներին ու երիտասարդներին Ռոզան խորհուրդ է տվել չհանձնվել, գնալ երազանքի հետեւից, շատ աշխատել, ինչն էլ, ըստ երգչուհու, ժամանակի ընթացքում կբերի սպասված հաջողությունը:

Ռոզա Լինը ելույթ է ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի առաջին եզրափակչում՝ մայիսի 10-ին, վերջին՝ 17-րդ համարի ներքո: Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին: