Լրահոս

Կարեն Աղամալյան․ «Հովհաննես Բաչկովը լիարժեք մարզվում է, զուգահեռ բուժվում է»




Հովհաննես Բաչկովը լիարժեք մարզվում է, թիմի հետ ամբողջ ուժով պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, բայց դեռ վերջնական պարզ չէ՝ կմասնակցի, թե ոչ։ Առաջիկա օրերին կհայտարարենք Հայաստանի կազմը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Հայաստանի հավաքականը մայիսի 8-ից Երեւանում վերջին հավաքն է անցնում Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականի փակ հավաքն անցնում է Երեւանի Օլիմպավանում։

«Մայիսի 8-ից սկսել ենք Եվրոպայի առաջնության նախապատրաստական վերջին եւ գլխավոր փուլը, շեշտը դրված է արդեն բուն մենամարտերի, բռնցքամարտի վրա։ Հայաստանի թիմն ամբողջ ուժով պատրաստվում է Երեւանում անցկացվելիք առաջնությանը։

Հավաքին միացել է նաեւ թիմի ավագը՝ Հովհաննես Բաչկովը։ Նա մեծ ուժով մարզվում է, թիմի հետ մասնակցում ամենօրյա ծանրաբեռնված մարզումներին, բայց այս պահին դեռ չունենք վերջնական որոշում նրա մասնակցության հարցում։ Նա հավաքին զուգահեռ նաեւ բուժվում է։ Եթե հասցնի մինչեւ առաջնության մեկնարկն ապաքինվել, ավարտել բուժումը, կմասնակցի առաջնությանը։ Օլիմպիական բրոնզե մեդալակիրը շատ է ցանկանում մասնակցել եւ լիարժեք պատրաստվում է։

Թիմում փոփոխություններ չկան, վնասվածքներ չունենք։ Կազմն ինձ համար գրեթե պարզ է։ Մի քաշում դեռ քննարկման կարիք ունենք։ Կարծում եմ՝ մայիսի 16-ին կամ այդ օրերին կհայտարարեմ Հայաստանի կազմը։

Այս պահին մեզ հետ մարզվում են Իսրայելի թիմի անդամներից մի քանի բռնցքամարտիկներ։ Այստեղ է նաեւ Ուկրաինայի թիմը, բայց մենք փակ հավաք ենք անում։ Հնարավոր է մեկ-երկու համատեղ մարզում նրանց հետ անցկացնենք»,- ասաց Կարեն Աղամալյանը։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 21-31-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։