Լրահոս

18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար. «Ժողովուրդ»




«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրային հեռուստաընկերությունը 12-հոգանոց պատվիրակությամբ մայիսի 1-ին Իտալիա է մեկնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին մասնակցելու նպատակով 2 պատվիրակություն Թուրին ուղարկելու համար Հանրայինի բյուջեից ծախսվել է մոտ 18 մլն դրամ: Այս գումարը ներառում է ճանապարհածախսը եւ հյուրանոցը: Հանրային հեռուստաընկերությունից, «Ժողովուրդ» օրաթերթին ի պատասխան, հայտնել են, թե այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին, սակայն դա նույն բյուջեի միջոցներն են ենթադրում:

Նշենք, որ Թուրին հենց մրցույթին մասնակցելու նպատակով պատվիրակությունը 7 անձից է բաղկացած եղել, սակայն մեզ տված պատասխանում նշվում է. «Հայաստանի հանրային հեռուտաընկերությունը նաեւ հրավեր էր ստացել Եվրոպական հեռարձակողներից միությունից դեկտեմբերին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպչական մանրամասները քննարկելու եւ Թուրինում «Եվրատեսիլ»-ի անցկացման ընթացքին ծանոթանալու, շրջայց ունենալու նպատակով:

Այդ հրավերով մայիսի 9-ին Թուրին են մեկնել նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, գործադիր տնօրենի տեղակալ-ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը, գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, Արտաքին կապերի ծառայության ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ 2022» պատվիրակությունների ղեկավար Մարիաննա Ասլանյանը եւ «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության պատասխանատու Արմեն Մանուչարյանը»: Եվ, ահա, հենց այս մեծ պատվիրակության «իտալական վոյաժը» արժեցել է 18 մլն դրամ, որը վճարվել է հեռուստաընկերության բյուջեից:

Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր. ձեր ապուպապերին էլ տարեք գործուղումների պետության հաշվին, քանի որ Հանրայինի բյուջեի առյուծի բաժինը տրամադրում է հենց կառավարությունը պետբյուջեից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում