Արսեն Սաֆարյանի դուստրը հեռուստասերիալում նկարահանվելու, ուսման և հոր արձագանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արսեն Սաֆարյանի դուստրը հեռուստասերիալում նկարահանվելու, ուսման և հոր արձագանքի մասին




Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, նկարահանվում է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում: Tert.am Life -ի հետ զրույցում նա պատմել է սերիալի, հոր արձագանքի, երաժշտությամբ զբաղվելու և մազերը ներկելու մասին:

«Շատ էի ցանկանում զբաղվել դերասանությամբ և որոշեցի այս տարի ուժերս փորձել ու մասնակցել քաստինգի, բայց երբ գնացի այնտեղ, պարզվեց՝ նախագծի քաստինգն ավարտված է, գլխավոր դերասանական կազմը՝ ընտրված: Չնայած այդ հանգամանքին՝ ինձ տվեցին դեր․ մարմնավորում եմ զուգահեռ դասարանի աշակերտներից մեկի կերպարը: Շատ էի ցանկանում տեսնել, թե ինչպես կկարողանամ ինձ մատուցել»,- ասաց Էլեն Սաֆարյանը:

Էլենը նաև պատմեց, որ հետագայում ցանկություն ունի գլխավոր կերպարներ ևս մարմնավորել:

«Հիմա սովորում եմ դերասանական վարպետություն և կարծում եմ, որ հմտանալու պարագայում կմարմնավորեմ այլ դերեր ևս: Սովորելու հետ մեկտեղ որոշեցի հասկանալ՝ ինչպես են անցնում նկարահանումները և բուն ընթացքը»,-ասաց նա:



Դերասանական վարպետություն սովորելուն զուգահեռ Էլենը նաև սովորում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 1-ին կուրսում:

«Հայրս շատ էր ցանկանում, որ ունենամ կայուն այլ մասնագիտություն, քանի որ շոուբիզնեսյան ոլորտն այդքան էլ կայուն չէ: Ընդունվեցի ԵՊՀ և այստեղ ինձ շատ լավ եմ զգում, ընտրածս ոլորտը հոգեհարազատ է, սիրում եմ լեզուներ ուսումնասիրել»,-պատմեց նա:

Խոսելով Արսեն Սաֆարյանի վերաբերմունքի մասին՝ Էլենը նշեց, որ հայրը կողմ չի եղել որ զբաղվի այդ ոլորտով:

«Հայրս դեմ էր և խուսափում էր, որ դառնամ շոուբիզնեսյան ոլորտի մի մասը, չէր ցանկանում, որ այդ ոլորտում շարունակեմ գործունեությունս, բայց հորս համար նաև կարևոր էր, որ ես զբաղվեմ նրանով, ինչով ցանկանում եմ և որ ոլորտում ինձ լավ եմ զգում, բայց այդ ոլորտով զբաղվելու նախապայմանը եղել է այլ ոլորտում կրթություն ստանալը»,-պատմեց նա:



Էլենը նաև Երգի պետական թատրոնի շրջանավարտ է, երգարվեստով զբաղվելու ցանկություն ունի։

«Երգի ոլորտն ինձ համար ևս հոգեհարազատ է, ես շարունակելու եմ զբաղվել երաժշտությամբ և նոր ծրագրեր կան առջևում»,-ասաց նա:

Կերպարի մասին խոսելիս Էլենը նշեց, որ կարմիր մազերը ևս եղել են վառ կերպար ստեղծելու բաղադրիչ մաս:

«Երբ ցանկանում էի կարմիր կամ այլ վառ գույն ներկել մազերս, վախենում էի արձագանքից, մասնավորապես՝ ինչպես կարձագանքի հայրիկս, քանի որ ինքը ևս չի սիրում նման փորձարկումներ, բայց նրա և շրջապատի կարծիքը եղել են դրական»,-եզրափակեց Էլեն Սաֆարյանը: