Բերեզովսկին` Իռլանդիայի հետ խաղի և դարպասապահների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բերեզովսկին` Իռլանդիայի հետ խաղի և դարպասապահների մասին

 


Երևանում կայանալիք Ազգերի լիգայի Հայաստան-Իռլանդիա խաղը սկզբունքային է։ Այսպես է կարծում մեր ընտրանու լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բերեզովսկին խոսել է առաջիկա խաղի, դարպասապահների ընտրության մասին և հիշել Իռլանդիայի հետ խաղը։

2011 թվականին Իռլանդիա-Հայաստան հանդիպումը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում ցավալի հիշողություններ է առաջացնում` Ռոման Բերեզովսկուն ոչ արդարացի հեռացնելը և Հայաստանի հավաքականի պարտությունը 1։2 հաշվով։ Իսկ հաղթանակի դեպքում մեր ընտրանին կարող էր մասնակցել անցումային խաղերին։
Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը կրկին կխաղա Իռլանդիայի հավաքականի հետ։ Խաղից առաջ Խաչիկ Չախոյանը զրուցել է դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։

-Հունիսի 4-ին Ազգերի լիգայի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Իռլանդիայի ընտրանուն։ Ի՞նչ խաղ է սպասվում` ըստ ձեզ։

-Անկասկած, մեր հավաքականին դժվար և սկզբունքային խաղ է սպասվում։ Մրցակիցը իրոք ուժեղ է, ես կասեի՝ նույնիսկ մեր խմբում ֆավորիտ է համարվում։ Եվրո-2012-ի ընտրական խմբում մենք երկու անգամ մրցեցինք, ու երկու անգամ էլ հաղթեցին իռլանդացիները, երկու դեպքում էլ՝ նվազագույն հաշվով։ Արտագնա խաղը իռլանդացիների հետ ես երբեք չեմ մոռանա։ Կարծում եմ` մեր ֆուտբոլիստներն էլ լավ հիշում են այդ մրցավեճը, ու ամեն ինչ կանեն ռևանշի հասնելու համար։

-Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 29 ֆուտբոլիստի է հրավիրել առաջիկա խաղերի համար։ Ի՞նչ կասեք հրավիրված ֆուտբոլիստների մասին։

- Միշտ էլ հավաքական հրավիրվում են լավագույններից լավագույնները։ Ես կարող եմ խոսել հրավիրված դարպասապահների մասին։ Չորս դարպասապահ է հրավիրվել, որոնք նույնպես, համեմատած մյուս թեկնածուների հետ, այս պահին համապատասխանում են հավաքականի պահանջներին։ Դավիթ Յուրչենկոն, Արսեն Բեգլարյանը, Ստանիսլավ Բուչնևը և Հենրի Ավագյանը դեռ մինչև խաղերը կայանալիք մարզումների ընթացքում էլ մրցակցության սահմաններում կպայքարեն մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։ Փորձը, վարպետությունը, տարիքը վիճակագրական տվյալներ են։ Ով լավ պատրաստված եղավ, նա էլ տեղ կզբաղեցնի դարպասում։

-Իսկ կա՞ն դարպասապահներ, որոնք մոտ ապագայում կարող են հրավիրվել հավաքական։ Ձեր տեսադաշտում կա՞ն նման թեկնածուներ։

-Ֆուտբոլային թիմը կենդանի օրգանիզմ է և միշտ էլ թարմացման կամ նորացման կարիք ունի։ Խոակին Կապառոսը իր համարձակ քայլերով զարմացրել է շատերին` վստահելով երիտասարդ մի շարք ֆուտբոլիստների։ Ընթացքում էլ նոր ֆուտբոլիստներ ներգրավելու համար ուսումնասիրություն է արվում։ Կարելի է ասել, որ հավաքականում քայլ առ քայլ սերնդափոխություն է ընթանում։

Նույնը վերաբերում է նաև դարպասապահներին։ Կան արդեն հայտնի անուններ, որոնց վրա մենք հիմնվում ենք, բայց չեմ բացառում, որ մոտ ապագայում կլինեն նաև նոր դարպասապահներ, որոնք կարող են հրավիրվել ազգային հավաքական։ Հեռանկարային եմ համարում ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանին, որը 19 տարեկան է, հեռանկարային դարպասապահներ կան եվրոպական ակումբներում, ինչպես նաև այլ մայրցամաքներում։

-Իսկ ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել նոր դարպասապահներ բացահայտելու ու հավաքական թիմերում մրցակցությունը բարձրացնելու համար։

-Նախևառաջ, շատ բան է կախված, թե ակումբներում ինչպիսի աշխատանք կտարվի։ Չէ՞ որ հավաքական գալիս են ակումբներից։ Դարպասապահների ընտրությունը մեծացնելու համար մենք ՀՖՖ-ի հետ հուլիսին նախատեսում ենք մի ծրագիր անցկացնել, որի շրջանակում շաբաթական մեկ կամ երկու անգամ հինգ դարպասապահներից բաղկացած երկու խմբերի հետ մարզումներ կանցկացնենք։ Հուսով ենք` այդ ծրագիրն էլ իր պտուղները կտա։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի ընտրանու հետ խաղից հետո հունիսի 8-ին և 11-ին Ազգերի լիգայի շրջանակում արտագնա խաղեր կանցկացնի, համապատասխանաբար՝ Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ։ Մեր հավաքականի ուսումնամարզական հավաքն այդ խաղերից առաջ կմեկնարկի մայիսի 29-ին։

Նյութի աղբյուրը այստեղ: