Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն Իռլանդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն Իռլանդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի




Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի 2022-23թթ․ մրցաշրջանը։ B դիվիզիոնի երկրորդ տուրում Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։

Առաջին խաղակեսում մեր հավաքականը բավական զուսպ խաղ ցուցադրեց։ Պետք է նշել Խոակին Կապառոսի և մարզչական շտաբի աշխատանքը։ Կապառոսն ընտրել էր 5-3-2 սխեման, որի շնորհիվ թիմը կարողացավ կայունություն ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ կիսապաշտպանության գծում։ Առաջին կեսում համամետաբար զուսպ ֆուտբոլ ցույց տալուց հետո մեր ընտրանին երկրորդ կեսում մի փոքր փոխեց մարտավարությունը, անցավ ավելի համարձակ գործողությունների, որոնց արդյունքը եղավ Էդուարդ Սպերցյանի հեռահար փայլուն կրակոցը։ 74-րդ րոպեին խփած այս միակ գոլի շնորհիվ մեր տղաները տարան իրենց անդրանիկ հաղթանակը B դիվիզիոնում։

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն Իռլանդիայի հետ խաղում՝ ըստ VNews-ի։

Դավիդ Յուրչենկո - 8


Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն իր բարձրության վրա էր, առանձնահատուկ սխալներ չկային։ Գրեթե միշտ ժամանակին դուրս էր գալիս տեղից և վերցնում գնդակը։ Առաջին կեսում գուցե շատերին թվաց, թե Յուրչենկոն դրվագներից մեկում կորցրեց դիրքը, բայց դա այդպես չէ։ Հակառակը՝ նա իր գործողություններով ապակողմնորոշեց մրցակցին, որն էլ չկարողացավ հարված կատարել։ Երկրորդ խաղակեսում Յուրչենկոն իր որակները չկորցրեց ու անառիկ պահեց սեփական դարպասը։

Վարազդատ Հարոյան - 10


Մեր ազգային հավաքականի ավագը շուրջ 3 ամիս ֆուտբոլ չխաղալուց հետո առաջին խաղն էր անցկացնում։ Հարոյանը պաշտպանությունում անդրդվելի էր։ Մրցակցի՝ բրիտանական կոշտ ու օդային պայքարներով հարուստ ֆուտբոլին դիմակայելը Հարոյանի համար խնդիր չէր։ Երկու խաղակեսերում էլ, չնայած վնասվածքի առկայությանը, մեր ավագը ոչ մի դրվագում չզիջեց մրցակցին ու նպաստեց հավաքականի հաղթանակին:

Հրայր Մկոյան - 8


Երևանի «Արարատի» փորձառու պաշտպանը, որը նույնիսկ մասնակցել էր իռլանդացիների դեմ շուրջ 11 տարի առաջ կայացած խաղին, բավական զգոն գործեց։ Չկային կոպիտ սխալներ։ Մկոյանի միակ թերությունը երկրորդ հարկում մղած պայքարն էր, սակայն այստեղ մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մրցակիցը հասակով զգալիորեն գերազանցում էր նրան։

Արման Հովհաննիսյան - 7


Արման Հովհաննիսյանն իսկական մարտիկի նման անընդհատ պայքարի մեջ էր։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հնարավոր էր ավելի մեղմ գործել, նա կոշտ պայքարի էր նետվում և այդպիսով կասեցնում իռլանդացիների գրոհները։ Մի քանի դրվագում շատ լավ կարդաց խաղն ու կարողացավ գնդակ խլել։ Ցավոք, Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 61-րդ րոպեին՝ տեղը զիջելով Ստյոպա Մկրտչյանին։

Հովհաննես Համբարձումյան - 8

Համբարձումյանը Կիպրոսի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստներից էր և նույն մակարդակով էլ անցկացրեց այս խաղն ազգային հավաքականում։ Եթե առաջին կեսում Հովհաննեսը հիմնականում փակում էր իր եզրը և քիչ էր միանում Տիգրան Բարսեղյանին, երկրորդում շատ ակտիվ էր, հասցնում էր վտանգ ստեղծել մրցակցի դարպասի մոտ ու չէր մոռանում պաշտպանության մասին։

Կամո Հովհաննիսյան - 7,5


Կամոն, ինչպես միշտ, փակում էր մեր ամենապրոբլեմատիկ՝ ձախ եզրը։ Մենք սովոր ենք տեսնել Կամո Հովհաննիսյանի բարձր արագությունները գրոհների ժամանակ, հատկապես երբ մեր թիմը խաղում է երկրորդ համարով, սակայն այսօր հիմնական գործողությունները ծավալվում էին կա՛մ հակառակ եզրում, կա՛մ կենտրոնում։ Չնայած դրան՝ Կամոն պաշտպանությունում էլ հաջող գործեց։

Արտակ Գրիգորյան - 8

Մեր հավաքականի «զրահամեքենան» իր բարձրության վրա էր։ Նրա գործողությունները հենակետային գոտում գրեթե անթերի էին, իսկ գոլային գրոհի ժամանակ Արտակ Գրիգորյանը կատարեց ամենակարևոր խլումներից մեկը, ինչը նպաստեց վտանգավոր պահի, հետո՝ գոլի։

Էդուարդ Սպերցյան - 9


Նորից պետք է առանձնացնել առաջին և երկրորդ խաղակեսերը։ Առաջինում ամեն ինչ չէր, որ ստացվում նաև Սպերցյանի մոտ։ Տեխնիկական խոտանը փոխանցումների ժամանակ շատ էր, սակայն երկրորդ կեսում գրագետ համագործակցում էր թիմակիցների հետ՝ կապելով պաշտպանությունն ու հարձակման գիծը։ 74-րդ րոպեին Սպերցյանի փայլուն գոլն ապահովեց մեր հավաքականի հաղթանակը։ Գոլի դրվագում Սպերցյանը շատ սառնասիրտ գործեց, բարձրացրեց գլուխը, գնահատեց իրավիճակը, ցույց տվեց, որ փոխանցում է կատարելու աջ, սակայն հարվածեց իրենից ձախ ու խոցեց Կելեհերի դարպասը։

Խորեն Բայրամյան - 8


Մեծ ծավալի աշխատանք կատարեց «Ռոստովի» կիսապաշտպանը։ Ի սկզբանե Խորենը տեղ էր զբաղեցրել 3 կենտրոնական կիսապաշտպանների աջ կողմում։ Առաջին կեսում Բայրամյանը հիմնականում զբաաղվում էր գնդակ խլելով ու չէր կարողանում ցույց տալ դիրիժորի կամ գրոհելու իր ունակությունները։ Երկորրդ խաղակեսի հենց սկզբնամասում նրա անհատաական անցումը ցույց տվեց, որ մեր հավաքականը փոխել է իր մարտավարությունը։

Վահան Բիչախչյան - 6,5


Բիչախչյանն ամբողջ առաջին կեսում այնքան էլ աչքի չընկավ։ Մի քանի անգամ փորձ կատարեց գնդակ խլելու, որոնց ոչ մեծ մասը հաջողությամբ պսակվեց։ Առաջին կեսի ավարտին երիտասարդ կիսապաշտպանը եզրից շարժվեց կենտրոն և հարվածեց, բայց գնդակը բարձր ընթացավ։

Սակայն Բիչախչյանը, ինչպես նաև մեր ամբողջ հավաքականը, բավական ակտիվ մեկնարկեց երկրորդ խաղակեսում։ Առաջինը հենց Վահանը փոխարինվեց՝ 56-րդ րոպեին։ Կարող ենք նշել, որ Բիչախչյանը հիմնականում գործում էր առանց գնդակի և ոչ այնքան հարազատ դիրքում։

Տիգրան Բարսեղյան - 8,5



Բարսեղյանն առաջին խաղակեսում բավական ակտիվ էր։ Անընդհատ պայքարի մեջ էր, փորձում էր կառչել գնդակներից։ Հանդիպման մեկնարկային րոպեներին ոչնչից պահ ստեղծեց և հարվածեց, բայց իռլանդացիների դարպասապահը գնդակը դուրս բերեց դաշտի դիմային գծից։ Երկրորդ խաղակեսում Բարսեղյանը նույնիսկ գոլ խփեց, սակայն VAR համակարգը չեղարկեց այն խաղից դուրս իրավիճակի պատճառով։ Րոպեներ անց Բարսեղյանը նորից բավական վտանգավոր դիրքից հարվածեց, սակայն գնդակը բարձր ընթացավ։ Իրապես, Տիգրան Բարսեղյանը տևական ժամանակում անցկացրեց իր լավագույն հանդիպումն ազգային հավաքականում։

Ստյոպա Մկրտչյան - 7

Երևանի ԲԿՄԱ-ի երիտասարդ պաշտպանը, ավանդույթի համաձայն, «փրկարարի» դերում դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած թիմակցին։ Անցկացրած 30 րոպեների ընթացքում բարձրահասակ ֆուտբոլիստը զուսպ խաղ ցույց տվեց։ Միայն դրվագներից մեկում Մկրտչյանը կոպիտ սխալվեց, ինչը կարող էր հանգեցնել վտանգավոր պահի, սակայն, բարեբախտաբար, մրցավարը նրա գործողություններում խախտում նկատեց, ընդհատեց հանդիպումն ու դեղին քարտ ցույց տվեց։

Սարգիս Ադամյան - 6,5

Ինչպես միշտ, Ադամյանն արագ էր, թարմություն հաղորդեց հարձակման գծին, ճնշում էր գործադրում մրցակցի պաշտպանների վրա, սակայն կարող էր ավելի արդյունավետ լինել։ Այստեղ դարձյալ երևաց Ադամյանի գլխավոր խնդիրը. «Բրյուգեի» հարձակվողը շատ էր փորձում խաղն իր վրա վերցնել։

Արտակ Դաշյան - առանց գնահատական