Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը փորձել է խանգարել նրա հարսանիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը փորձել է խանգարել նրա հարսանիքը




40-ամյա Բրիթնի Սփիրսն ամուսնացել է 28-ամյա պարող Սեմ Ասղարիի հետ: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել երգչուհուն պատկանող լոսանջելեսյան առանձնատանը:

Variety-ն հայտնում է, որ միջոցառումը փորձել է խանգարել Սփիրսի նախկին ամուսին Ջեյսոն Ալեքսանդրը: Նա հյուրերի թվում չի եղել, սակայն կարողացել է մուտք գործել տուն ու այնտեղից ուղիղ միացումներ անել:

Անվտանգության աշխատակիցները բռնել են նրան ու ոստիկանություն դիմել՝ անօրինական ճանապարհով տուն ներխուժելու համար: Ալեքսանդրն ընդդիմացել է ու գոռացել, որ Բրիթնին իր առաջին ու միակ կինն է:

Ոստիկանները պարզել են, որ Ալեքսանդրը հետախուզվում է քաղաքի այլ շրջանում գողություն կատարելու համար, եւ ձերբակալել են նրան:

Ջեյսոն Ալեքսանդրը Սփիրսի մանկության ընկերն է: Նրանք ամուսնացել են 2004 թվականին՝ Լաս Վեգասում, սակայն 55 ժամ անց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել: Սփիրսը պարզաբանել է, որ լիովին ընկալելիս չի եղել իրականությունը:

Երգչուհու ու Ասղարիի հարսանիքը բավական համեստ է կազմակերպվել. 60 հյուրերի թվում են եղել Մադոննան, Դրյու Բերիմորը, Դոնաթելա Վերսաչեն եւ Փերիս Հիլթոնը: Հարսի զգեստի հեղինակը հենց Վերսաչեն է, լուսանկարներ միջոցառումից դեռ չեն հրապարակվել:



Սփիսրի հարազատներից հարսանիքին ոչ ոք ներկա չի եղել: Բացակայել են նաեւ նրա որդիները՝ 16-ամյա Շոնը եւ 15-ամյա Ջեյդենը: Այդ տեղեկությունը հայտնել է նրա նախկին ամուսին Քեւին Ֆեդերլայնն ու ընդգծել, որ բոլորն էլ ուրախ են Բրիթնիի համար ու նրան երջանկություն են մաղթում:

Երգչուհին եւ Ասղարին ծանոթացել են 2016 թվականին՝ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Նախորդ տարվա սեպտեմբերին զույգը նշանվել է, այս ապրիլին հայտնեցին, որ երեխայի են սպասում, իսկ կարճ ժամանակ անց տեղեկացրին, որ Բրիթնին հղիության վաղ շրջանում կորցրել է փոքրիկին: