Սոս Ջանիբեկյան. «Կառավարությանը սատարողները չպետք է ծաղրեն ցուցարարներին, այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար ընդունեն» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոս Ջանիբեկյան. «Կառավարությանը սատարողները չպետք է ծաղրեն ցուցարարներին, այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար ընդունեն»




Դերասան Սոս Ջանիբեկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների դադարեցմանը:

«Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է: Շնորհակալություն ընդդիմադիրներին, որ հեշտացրին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը:

Ներկա կառավարությանը սատարողները երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ իրենք էլ են եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալեն ու ընդունեն. ես սա ասում եմ որպես մարդ, որը մի քանի լուսավոր ճամփա մթով է անցել: Հավատացեք ինձ»:

Հետգրությամբ էլ Ջանիբեկյանը շեշտել է՝ իհարկե, ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու գործին:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները ակցիաներից մեկի ժամանակ ջրի շիշ էին նետել փողոցով քայլող դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ, հայհոյել և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ինքը Ջանիբեկյանը, ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով միջադեպին, նշել էր. «Այն, ինչ կատարվեց ինձ հետ, չեմ համարում իմ կռիվը, իմ արժանապատվության եւ ինքնասիրության հարցը չէր: Բառերի վանկարկումներ էին, որը, իհարկե, անցանկալի ու տհաճ էր: Ես կանխատեսում էի, որ նման մի բան կլինի, բայց շարունակում էի ընդառաջ գնալ ու պարտադրված չփոխել ճանապարհս: Այսպես ասեմ՝ դա իմ տղայական կռիվը չէր 3-4 հոգու հետ, դա մի բան էր, որը եղավ կոնկրետ քաղաքական հայացքներ ունենալու համար, ինչ-որ տեղ ինչ-որ մարդկանց էյֆորիկ եւ ամենակարելիության զգացումից դրդված»: