Պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին




Դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է 2021-ի հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:

Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասում է՝ չի բացառվում, որ նվագի կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին, որը նաև իր վարպետն էր:

«Պապս ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում: Պապս ասում էր, որ պանթեոնում թաղված շատ մեծերի հետ է հաղորդակցվել, ընկերություն արել: Այդտեղ հանգրվանել են մեծեր, որոնց հետ նաև ես եմ շփվելու պատիվն ունեցել: Նրանցից են Գեղամ Գրիգորյանը, Յուրի Վարդանյանը: Բոլորի հետ կապված հետաքրքիր պատմություններ կան»,- պատմում է կրտսեր Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը, համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում: