Լրահոս

Գևորգ Ալեքսանյան. «Ամեն ինչ կանենք, որ Արթուրը մասնակցի աշխարհի առաջնությանը»




Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) արդեն սկսել է ուսի վնասվածքի բուժման գործընթացը։ Աշխարհի առաջնությանը նրա մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի միայն վերջին ուսումնամարզական հավաքի ավարտին։ Այդ մասին Vnews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գյումրեցի ըմբիշի հայրը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատող Գևորգ Ալեքսանյանը։

«Արթուրը ուսի հոդի հետ կապված մկանային խնդիր ունի։ Արդեն սկսել ենք բուժման գործընթացը. բժիշկները հատուկ սարքի միջոցով ուսումնասիրել են վնասված հատվածը և գտել խնդիրը։ Հիմա պետք է բուժում նշանակեն։ Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Արթուրը մասնակցի աշխարհի առաջնությանը։ Բուժման ավարտի ժամկետներն ավելի հստակ կարող են նշել միայն բժիշկները։ Համաշխարհային ստուգատեսին նրա մասնակցության հարցը կորոշվի միայն վերջին հավաքի ավարտին»,- նշեց մարզիչը։

Գևորգ Ալեքսանյանը հայտնեց նաև, որ Արթուրը չի ընդհատելու մարզումները և բուժմանը զուգահեռ շարունակելու է մասնակցել հավաքներին։

«Ամբողջական դադար տալ չենք կարող, որովհետև այդ դեպքում կխախտվեն նրա մարզման փուլերը։ Դա անընդունելի է։ Արթուրը կմասնակցի հավաքներին, սակայն, ամենայն հավանականությամբ, կմարզվի անհատական ծրագրով»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստանի հավաքականի կազմում մեկնել էր հուլիսի 20-24-ին Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարին, սակայն վնասվածքի պատճառով մրցագորգ դուրս չէր եկել։ Գյումրեցի ըմբիշը մրցումների չի մասնակցել անցյալ տարի Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերից հետո։

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները պատրաստվում են սեպտեմբերի 10-18-ը Բելգրադում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում