Լրահոս

Տղաս արդեն սկսում է իր հստակ քայլերն անել հայկական երգարվեստում. Աղասի Իսպիրյան




Ազգագրական երգերի կատարող Աղասի Իսպիրյանի հետ ArmLur.am-ը զրուցել է առաջիկա անելիքների եւ որդու՝ Տարոն Իսպիրյանի մասին, ով նույնպես փորձում է շարունակել Իսպիրյանների ազգային գենը:

«Տղաս արդեն սկսում է իր հստակ քայլերն անել հայկական երգարվեստում: Այս պահին որդուս հետ նոր գործ ենք պատրաստում, այժմ ձայնագրման եւ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների փուլում ենք: Երգը բնականաբար լինելու է մեզ բնորոշ ազգային ժանրի մեջ: Միասին արդեն իսկ ունենք դուետ, շուտով կլինեն նաեւ այլ երգեր: Իսկ ինչ վերաբերվում է իմ ստեղծագործական գործունեությանը, ապա ասեմ, որ հոկտեմբեր ամսին հրավեր ունենք Ֆրանսիայից բարեգործական համերգի շրջանականերում հանդես գալու, որի ողջ հասույթը նվիրվելու է մեր զոհված եւ վիրավոր հերոս տղաների ընտանիքներին, որից հետո դեկտեմբեր ամսին ունենք համերգային շրջագայություն դեպի Եվրոպա»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ եթե օրերից մեկ օր Տարոնը որոշի այլ ոճում՝ օրինակ ռոք ժանրում հանդես գալ, ինչպե՞ս կարձագանքեք, Աղասի Իսպիրյանն ասաց, որ երբեք դեմ չի լինի, բայց դա իրենը չէ:

«Ես միշտ ասում եմ, այլ ոճերում էլ փորձի, բայց ասում է, հայրիկ իմը չեն, կարծես շոգ լինի բայց արեւին չտեսնեմ, ես ինձ լիարժեք չեմ զգում, ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ իմ երգը իմ հոգուց է բխում, իմ պապերի, իմ հայրենիքի մասին եմ երգում: Անկեղծ կլինեմ, ես երբեք դեմ չեմ եղել, որ երիտասարդները նոր ոճով են ձգտում հանդես գալ, նորամուծություններ են ուզում անել հետաքրքիր մատուցել, բայց կարծում եմ Տարոնի դեպքում դա եկել է գենետիկորեն, երբ նա դեռ 4-5 տարեկան էր, արդեն ինքնուս դհոլ էր նվագում, երգում էր եւ այդ ժամանակվանից արդեն երեւում էր իր տաղանդը, որը ժառանգել է Ներսիկ հոպարից, հայրիկիցս: Նա ինքն է որոշել երգել ազգային ազգագրական երգեր, կարծում եմ ինքը շատ լավ գիտակցում է, որ դա իրեն տրվել է ի վերուստ, եւ հենց այդ ժանրն է իր մոտ լավ ստացվում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում